Ամերիկացիները չներեցին Քլինթոնի Լևինսկուն, մենք կուլ ենք տալիս Փաշինյանի ոջիլը

Ամերիկացիները չներեցին Քլինթոնի Լևինսկուն, մենք կուլ ենք տալիս Փաշինյանի ոջիլը

Այլևս ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանը կորցրել է թե’ քաղաքական, թե’ բարոյական լեգիտիմությունը։ Շատերը երկրի ղեկավարի լեգիտիմությունը պայմանավորում են բացառապես թվացյալ ազատ ու արդար ընտրություններով, սակայն ընտրությունները անհրաժեշտ, բայց ոչ միակ պայմանն են այդ լեգիտիմությունն ապահովելու համար։

Առնվազն կա մի քանի բաղադրիչ, որոնք էլ հուշում են Նիկոլ Փաշինյանի քաղաքական ոչ լեգիտիմության մասին։ Առաջինը նախընտրական ծրագրերն են։ 2021 թվականին ներկայացրած նախընտրական ծրագրերից և որևէ մեկը կյանքի չի կոչվել, որոշների պարագայում էլ կատարվել են խոստմանը տրամագծորեն հակառակ գործողություններ։ Այլ խոսքով, Նիկոլ Փաշինյանը ստել է հանրությանը։

Երկրորդը՝ ներքին ու արտաքին օրակարգերի բացակայությունն է, որոշ դեպքերում էլ այդ օրակարգերի տապալումը։ Ահա հենց այս գործոններն էլ փաստում են Նիկոլ Փաշինյանի ոչ օրինական կառավարումը երկրի վարչապետի պաշտոնին։

Ինչ վերաբերում է բարոյական լեգիտիմությանը, ապա ցավոք պետք է փաստել, որ Հայաստանում քչերն են ուշադրություն դարձնում այդ հանգամանքին։ Օրինակ՝ Միացյալ Նահանգներում Բիլ Քլինթոնի նկատմամբ անվստահության (իմպիչմենտ) գործընթաց սկսվեց Մոնիկա Լևինսկու հետ ունեցած սեռական կապի պատճառով։ Առհասարակ, ով հետևում է ԱՄՆ ներքին կյանքին, ապա ուշադրություն դարձրած կլինի, թե այնտեղ որքան կարևոր նշանակություն ունի պետության ղեկավարի բարոյական նկարագիրը։ Հենց դրանով է պայմանավորված այն հանգամանքը, որ ԱՄՆ պատմության մեջ չի եղել դեպք, երբ երկրի գործող նախագահը ամուսնալուծվի կամ իրեն հռչակի աթեիստ կամ էլ վիրավորական արտահայտություններ թույլ տա ԱՄՆ քաղաքացիների հասցեին։ Որքան էլ տվյալ ղեկավարի քաղաքական օրակարգերը կենսունակ լինեն, երեք գործոններից որևէ մեկը ամերիկյան հասարակությունը չի ների։ Քանի որ, ըստ ամերիկացիների՝ երկրի ղեկավարը ոչ միայն պետք է ծառայի ԱՄՆ շահերին, այլև իր բարոյական նկարագրով, վարք ու բարքով պետք է օրինակ լինի ամերիկյան հասարակությանը։

Իսկ ի՞նչ օրինակ է ծառայում հայ հանրությանը Փաշինյանը։ Ո’չ Աստծո, ո’չ էլ երկրային օրենքներով նա չունի օրինական կին։ Իհարկե, դա իր անձնական կյանքն է, բայց Բիլ Քլինթոնի ու Մոնիկա Լևինսկու հարաբերություններն էլ էին իրենց անձնական կյանքը։ Եթե Լևինսկու հետ հարաբերություններ հաստատեր, ենթադրենք, Սպիտակ տան այգեպանը, բնականաբար դա ոչ ոքի չէր հուզի ու չէր հետաքրքրի, բայց հենց այստեղ առաջ է մղվում ամերիկյան ղեկավարի բարոյական լեգիտիմության անհրաժեշտությունը, որովհետև ոչ թե Սպիտակ տան այգեպանն է հասարակության համար ցուցիչ, այլ Սպիտակ տան ղեկավարը։

Հաջորդը Փաշինյանի հարձակումներն են Հայ Առաքելական Եկեղեցու նկատմամբ, նրա հեգնական խոսքը Աստվաշածնչի մասին ու իրեն նույնացնելը Հիսուս Քրիստոսի հետ, ինչը սրբապղծություն է, եթե նույնիսկ Փաշինյանն իրեն պաշտոնապես աթեիստ չի հռչակել։

Իսկ ինչ վերաբերում է բարոյական լեգիտիմության երրորդ բաղադրիչին, ապա օրերս բոլորիս պարզ դարձավ, որ իշխանական զույգն ընտանեկան միջավայրում իրենց քննադատողներին անվանում է ոջիլ։

Հայ հասարակությունն առհասարակ սիրում է իրեն հռչակել բարոյականության էտալոն, համաշխարհային քաղաքակրթության ակունքներում կանգնած ազգ, Հռոմեական Կայսրության հետ բախված Մեծ Հայքի սերունդ, իսկ ԱՄՆ համարում է պատմությունից ու մշակույթից զուրկ պետություն։ Բայց այստեղ հարց է առաջանում, եթե ամերիկացիները պատրաստ էին չներել Քլինթոնի Լևինսկուն, մենք ինչո՞ւ ենք կուլ տալիս Փաշինյանի ոջիլը։ Ո՞վ է իր համոզմունքներում ավելի կայուն, մե՞նք, թե՞ ամերիկացիները, որոնց հաճախ տարբեր որակումներ ենք տալիս։

Ահա երբ մենք այս հարցի պատասխանն ինքներս մեզ տանք ու ասենք՝ այո’, մենք հաստատակամ ենք մեր բարոյական նկարագրում, ապա հենց հաջորդ օրը Փաշինյանը կդադարի վարչապետ լինելուց։

Կարեն Կարապետյան