Ընդամենը 51 փրկարար է ներգրավված 2-ամյա փոքրիկի որոնումներին․ ի՞նչ է կատարվում Մարմարիկում

Փոքրիկ Տիգրանին 2 շաբաթից ավելի է չեն կարողանում գտնել. թե որտե՞ղ է և ի՞նչ է եղել 2-ամյա երեխայի հետ՝ պարզ չի։
Որոնումները շարունակվում են. MediaHub–ին ՆԳՆ–ից հայտնեցին, որ անհետ կորած համարվող 2-ամյա երեխայի որոնողական աշխատանքները շարունակվել են նաև այսօր:
«Որոնողական աշխատանքները շարունակվում են, այս պահին 51 փրկարարական ծառայող է ներգրավված, մայիսի 4-ից մինչև 20-ն ընկած ժամանակահատվածում 1289 փրկարարական ծառայող է եղել ներգրավված»,- նշեցին ՆԳՆ-ից:
Կառույցից հայտնեցին՝ որոնողական աշխատանքներում օգտագործվում են դրոններ, ջրասուզակներն օրվա ընթացքում մի քանի անգամ սուզվում են, փրկարար ծառայողները գետի երկայնքով և հարակից տարածքներում որոնողական աշխատանքներ են իրականացնում, Փրկարար ծառայությունը նաև ջրամբարում հատուկ տեխնիկայի միջոցով է նկարում ջրամբարի հատակը և այլն։
MediaHub–ն առաջին օրվանից ուշադրության կենտրոնում է պահել այս առեղծվածային դեպքը, օրեր շարունակ ուղիղ եթերով լուսաբանել Մարմարիկ գյուղից փրկարարական ու որոնողական աշխատանքները, բայց ոչ մի նորություն դեռ չկա։
Նշենք, որ MediaHub–ին ՆԳՆ–ից հայտնել էին, որ ստուգվել են գնչուների և այլ վարկածներ, անգամ մանեկեն են գցել գետը, այլ միջոցներ են կիրառվել, սակայն, երեխային դեռ չեն գտել։
Մարիաննա Արամյան