Դառն իրականությունն ու կառավարության ստերը 

Դառն իրականությունն ու կառավարության ստերը 

Մայիսի 15-ին հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովները, արձանագրություն ստորագրել, հայտնել է է ԱԳՆ-ն։

Ըստ էության, հաստատվել են Տավուշի հատվածում դելիմիտացիայի և դեմարկացիայի արդյունքները, որոնք հայկական կողմի համար հաստատապես միակողմանի զիջում են, որոնք վավերացվել են այդ փաստաթղթում:

Տավուշի և Ղազախի սահմանագծի 4 գյուղերի հատվածում հայ ադրբեջանական սահմանազատումը Նիկոլ Փաշինյանը կառավարության երեկվա նիստի սկզբում «մեծ հաջողություն» է որակել։ Կարծում է՝ Հայաստանի ինքնիշխանության ու անկախության հետագա զարգացման շատ կարևոր անկյունաքար է դրվել։

Փաշինյանի գրասենյակը հաղորդագրություն էր տարածել՝ «վարդագույն» գույներով ներկայացնելով տեղի ունեցածը:

Օրինակ, տեքստում կարդում ենք. «Կիրանցի երեք կոորդինատները տեղորոշվել են համակարգչային եղանակով, և սյուները կտեղադրվեն ավելի ուշ: Մյուսները տեղադրված են: Կիրանցի համար նպաստավոր լուրը մասնավորապես այն է, որ մոտ 25 հեկտար գյուղատնտեսական նշանակության հողեր, որոնք վերջին 33 տարում անհասանելի են եղել Կիրանցի համար, կվերադարձվեն գյուղին: Ինչպես ասվել է, ճանապարհի տեղափոխման խնդիր, այո՛, առաջանալու է, որը հնարավոր է իրականացնել 2-3 ամսում»:

Միանգամից արձանագրենք, որ փոքր այս պարբերության մեջ մի քանի սուտ կա:

Զգայունություն գոյություն ուներ հենց Կիրանցի երեք հատվածում, ինչի հետևանքով գյուղի դպրոցը հայտնվում է սահմանագծի պռնկին, կամուրջը և մի քանի տներ անցնում են Ադրբեջանին:

Ակնհայտորեն, այդ երեք կետերում աշխատանքները հետաձգվել են միայն այն պատճառով, որ ծավալվեց Բագրատ Սրբազանի շարժումը:

Այլ խոսքով, Փաշինյանի «կիրթ ընկեր» Ալիևը նրան շնչելու հնարավորություն տվեց:

Ինչ վերաբերում է «25 հեկտար գյուղատնտեսական նշանակության հողեր»-ին, ապա դարձյալ գործ ունենք բացահայտ ստի հետ. պարզվում է՝ դա եղել են ականապատ հողեր:

Պատահական չէ, որ այս ստերին Կիրանցում չեն հավատացել, ինչի հետևանքով գյուղում դարձյալ հուզումներ են սկսվել:

Վահրամ Բագրատյան