«Զգում էի՝ որդուս փրկել չի հաջողվի…». վայրագության զոհ դարձած 15-ամյա Դավթին հուղարկավորեցին պապիկի ու տատիկի հետ 

«Զգում էի՝ որդուս փրկել չի հաջողվի…». վայրագության զոհ դարձած 15-ամյա Դավթին հուղարկավորեցին պապիկի ու տատիկի հետ 

«Սա ի՞նչ կրակ էր, որ թափվեց մեր ազգի գլխին, որ կատարվեց իմ ընտանիքի հետ».... 

Աքսանա Գրիգորյանն Ասկերանի շրջանի Սառնաղբյուր համայնքի ղեկավարի կինն է։ MediaHub-ի հետ զրույցում կինը պատմում է, որ սեպտեմբերի 19-ին դեռ վաղ առավոտից լսել է պայթյունի 2 ձայն, չի իմացել, որ պատերազմի «նախերգանքն» է։ Մտածել է ականապատ տարածքում կամ անասուններն են պայթել, կամ սակրավորներն են աշխատում։ 

Սառնաղբյուրը Ակնայի (Աղդամ) հետ սահմանին է, ուղիղ գծով 500 մետր հեռավորության վրա տեսանելի են եղել և՛ թշնամական դիրքերը, և՛ շարժը։ Ամուսինը՝ համայնքի ղեկավար Գարիկ Ալեքսանյանը, զանգել է Ասկերանի վարչակազմ, ասել, որ կրակում են, բայց ասել են՝ «խուճապի մի մատնվեք»։

«Կեսօրին, երբ սկսվեց ռազմական գործողությունները, բոլորս տանն էինք։ Առաջին հրթիռն ուղիղ անցել է մեր տան գլխով։ Քանի որ գյուղի վերևի մասում էր տեղակայված դիրքերը, չթիրախավորվելու համար ամուսինս ասաց, որ ձորով անցնենք գնանք դեպի անտառ, գոնե ծառերի տակ կպատսպարվենք։ Վստահ էինք, որ ուղղակի դիրքերի վրա են կրակում, այլ ոչ մեզ։ Այդ օրը հակառակի պես գյուղում տղամարդիկ քիչ են եղել, իսկ նրանք, ովքեր հնարավորություն են ունեցել, անմիջապես դուրս են եկել»,- պատմում է Աքսանան։ 

«Ո՛չ ռուսները օգնության հասան, ո՛չ կապ կարողացանք հաստատել որևէ մեկի հետ»: Աքսանան հիշում է, թե ինչպես էին ծեր ու մանուկ վազում դեպի փրկության ձորը, քանի որ գյուղում ապաստարան չկար՝ հակառակ պետության խոստումների։

Հետո ադրբեջանական դիրքերից սկսում են հրետակոծել գյուղը, թիրախում՝ քաղաքացիական բնակչությունն էր։ Աքսանան հորդորում էր բոլոր երեխաներին պառկել՝ գոնե արկերի բեկորներից փրկվելու համար, իսկ Գարիկը շարունակում էր տներում մնացած քաղաքացիներին բերել անտառային հատված և տարհանման պլան մշակել։ 

Այդ ընթացքում տեղի է ունենում Աքսանայի կյանքի ամենասարսափելի հարվածը. «Օդային հարվածով կրակեցին մեր ուղղությամբ, շրջվեցի ու տեսա երեխաս՝ 15-ամյա Դավիթը, մայրս և ամուսնուս հայրը բազմաթիվ վնասվածքներով, անգիտակից վիճակում պառկած։ Ու նաև երեխաներ են վիրավորվել... ո՛չ ամուսինս էր մոտս, ո՛չ մեքենա կար գոնե մինչև խաղաղապահների մոտ վիրավորներին հասցնելու համար։ Երբ ամուսինս եկավ ու տեսավ իրավիճակը, ռացիայով հաղորդեց, որ «գոնե շտապ օգնության մեքենա ուղարկեք»։ Ասկերանից օգնություն այդպես էլ չհասավ, իսկ ռուսները հետո ասացին «հրաման չենք ունեցել»»:

Գարիկը, տեսնելով, որ օգնության հասնող չկա, քանի դեռ Դավիթը շնչում էր, կնոջ հորդորով գնացել էր մեքենա բերելու, չնայած մեքենայի բոլոր ճանապարհները դիտարկվում էր։ Այդ ընթացքում ադրբեջանցիները 2-րդ և 3-րդ հարվածն են հասցնում խաղաղ բնակիչներին։ Վիրավորվում է և Աքսանան, բայց նա իր մասին մտածելու փոխարեն, փորձում էր փրկել որդու, մոր, սկեսրայրի ու վիրավորում ստացած մյուս անչափահասների կյանքը։ 

«Ամեն տեղիցս արյուն էր հոսում, ոտքս տաքանում էր, բայց իմ մասին րոպե անգամ չեմ մտածել։ Գրկել եմ աղջկաս, գլուխը թաքցրել, որ բեկոր չկպնի։ Ասել եմ՝ 8Դիանա՛, բալես, խնդրում եմ, եթե ես արնաքամ լինեմ, չդիմանամ, կվազես պապային ընդառաջ, գոնե քեզ փրկի։ Գարիկը եկավ, մենք փորձում էինք մեքենայի մեջ տեղավորել վիրավորներին։ Այդ ընթացքում գյուղի վերևի թաղամասից 2 մեքենա է մոտեցել, ոչ ոք չի կանգնել, չեն օգնել»,- հիշում է կինը։ 

Տեղում մահանում են Գարիկի հայրը՝ Ալեքսանդր Ալեքսանյանը, Աքսանայի մայրը՝ Գոհար Գրիգորյանը և համագյուղացի 2 երեխաներ՝ Նվեր ու Միքայել Պողոսյանները։ Գարիկի մեքենայի մեջ տեղավորվել են 17 hոգի, մեծ մասը վիրավոր, ու շարժվել են դեպի Ասկերան։

Մայրն ասում է, որ զգում էր, որ որդու կյանքը փրկել հնարավոր չի լինելու։ Ստեփանակերտի բժիշկներն ամեն ինչ արել են, վիրահատվել է, բայց կոմայից այդպես էլ դուրս չի եկել, հաջորդ օրը մահացել է։ Իսկ Աքսանան մի քանի օր բուժում ստանալուց հետո, որոշել է դուրս գրվել իր ցանկությամբ։ 

«Երեխաս դեռ դիահերձարանում էր, սեպտեմբերի 24-ին փրկարարները գյուղից տարհանել են մորս ու սկեսրայրիս դիերը։ Ստեփանակերտի մազի կամրջի մոտ նստել ու ժամերով սպասել եմ մինչև երեխայիս կբերեն։ Շատ դժվար է եղել ճանապարհը դեպի Հայաստան։ Տեսարաններից կարելի էր խելագարվել, բայց հանուն աղջկաս ուժ եմ դրսևորել, որ չթուլանամ։ Ադրբեջանցիները բացել են դիերի մեքենաները, ստուգել։ Ցավից ոտքերս ու մարմինս չէի զգում։ Ես փակել էի աչքերս, որ դրանց դեմքերը չտեսնեմ»։

Սեպտեմբերի 30-ին Ալեքսանյանների ընտանիքը հողին հանձնեց ադրբեջանցիների վայրագության զոհ դարձած 15-ամյա Դավթին՝ սիրելի պապիկի ու տատիկի հետ միասին։

Աքսանան ասում է, որ չնայած Դավիթը 15 տարեկան էր, շատ բան էր գիտակցում կյանքից։ Սիրում էր զինվորական ծառայությունը։ 2020 թվականից հետո, երբ հայկական դիրքերը իրենց գյուղին շատ մոտեցան, դասից գալիս էր ու միանգամից գնում տղերքի մոտ, իրենից տարիքով մարդկանց հետ էր ընկերություն անում։

«Անգամ ասել եմ՝ «Դավ, քեզ ուղարկելու եմ Ռուսաստան», ասաց՝ «մամ, միայն հայրենիքին ծառայելուց հետո».... ինքն իրեն միայն զինվորական էր պատկերացնում, մասնակցում էր բանակումի ճամբարներին։ Այնքան նվերներ է ստացել, բայց այդ խուճապի մեջ ոչինչ չեմ հասցրել բերել»,- ցավում է մայրը։

Հունան Թադևոսյան