Կանանց թաքուն պայքարը գործադիրում, Թոխմախի Մհերի դեմ գործը քննող դատավորին չեն թողնի ավարտել. Մամուլը՝ սուրճով

«Հրապարակ» թերթը գրել է․
ՔՊ-ի սորոսական թեւը, արեւմտամետները գժված են ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հայտարարությունից, որ Լավրովի հետ ասուլիսի ժամանակ արեց․ «Հայաստանի Հանրապետությունը ԵՄ-ին անդամակցելու հայտ չի ներկայացրել, այս ուղղությամբ բանակցություններ չեն տարվում»։
Սա այն դեպքում, երբ ընդամենը 2 ամիս առաջ ԱԺ-ն ընդունել է Եվրամիությանն անդամակցելու մեկնարկի մասին «Եվրաքվեի» ներկայացրած օրենքը, որը նախատեսում է նաեւ այլ գործողություններ՝ անդամակցության ուղղությամբ։ Ստացվում է, որ երկու ամիս է՝ օրենքն ընդունվել է, բայց մնացել է թղթի վրա, եւ իշխանությունը մատը մատին չի խփել, նույնիսկ պարծենում է, որ ոչինչ չի արել այդ ուղղությամբ։
Այս թեւը պատրաստվում է պարզաբանումներ պահանջել գործադիր իշխանությունից, թեպետ ի սկզբանե պարզ էր, որ նախագիծը մնալու էր թղթի վրա, քանի որ Ռուսաստանից ՀՀ իշխանություններին կարմիր քարտ են ցույց տվել: Երկրորդ ընթերցմամբ էլ, հավանաբար, չէին ընդունի օրինագիծը, եթե Գյումրու ընտրությունների խնդիրը չլիներ` հույս ունեին, որ Եվրադաշինքն իրենց դեռ պետք կգա Գյումրիում Սարիկ Մինասյանի հետ կոալիցիա կազմելիս: Այն ժամանակ արդարացան, թե ձեւական թուղթ ենք ընդունում` 60 հազար քաղաքացի է ստորագրել: Բայց դրսում, ներսում այս լարախաղացի պահվածքը մի օր ավարտվելու է: Իսկ թե ինչու Արարատ Միրզոյանը բացեց խաղաքարտերը, իշխանական թիմում կարծում են, որ ուզում էր արդարանալ Լավրովի առաջ, թե իր դեմ դրսում այդ օրենքի հեղինակների ակցիան իրենց կազմակերպածը չէ:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«ԱԺ նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանի՝ «Թոխմախի Մհերի» դեմ հարուցված քրեական գործը շուրջ 4 տարի քննող դատավոր Վահագն Մելիքյանի շուրջ օղակը սեղմվում է։
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ չի բացառվում՝ դատավորին թույլ չտան նախկին պատգամավորի գործը ավարտին հասցնել, քանի որ կասկածներ կան:
Ինչպես հայտնի է, դատավոր Վահագն Մելիքյանի հայտարարագրերի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել, եւ դա եղավ պատճառը, որ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը միջնորդել էր կասեցնել ԲԴԽ-ում քննվող կարգապահական գործի վարույթը։ Ինչ են փորձում հասկացնել դատավոր Մելիքյանին՝ կռահել կարելի է:
Բայց թե արդյոք գործը կհասնի նրան համակարգից հեռացնելուն, դժվար է ասել:
Հիշեցնենք, որ 2021 թվականի հունվարի 13-ից Երեւան քաղաքի դատարանում է գտնվում ԱԺ նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանի նկատմամբ հարուցված քրեական գործը, ու 4 տարի տեւող այս դատաքննությունով նոր փորձաքննություն է նշանակվել։
ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ 2024 թվականի հոկտեմբերի 31-ին նիստին որոշվել է նշանակել դատաշինարարատեխնիկական փորձաքննություն։ Հարց է առաջանում՝ ինչո՞ւ է դատարանը 4 տարի տեւող այս քրեական գործով նոր փորձաքննություն նշանակում եւ ինչ է փորձում ապացուցել։
Նշենք, որ Մհեր Դավիթի Սեդրակյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, 1999-2008թթ., հանդիսանալով պաշտոնատար անձ, Երեւան քաղաքի Էրեբունի համայնքի ղեկավար, շահադիտական եւ անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, 2004թ. ընթացքում համայնքի ավագանու անդամների օժանդակությամբ, չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները, պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության եւ Էրեբունի համայնքի շահերին հակառակ, ինչի հետեւանքով համայնքի իրավունքներին ու օրինական շահերին պատճառվել է էական վնաս, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ»։
«Հրապարակը» գրում է․
Իրական, ապրող, ինքնիշխան Հայաստանի մասին ամեն օր բարբաջող իշխանությունը 7 տարի շարունակ քննարկում է նախկիններին, 30 տարվա արված-չարվածը, եւ 5 տարի շարունակ իրավապահները քննում են 2020 թ. նոյեմբերի 9-ի գիշերը տեղի ունեցած իրադարձությունները, երբ կապիտուլյացիայից վրդովված մարդիկ փողոց էին դուրս եկել` այս իշխանությունների հանդեպ իրենց զայրույթը հայտնելու:
Երեկ ՔՊ-ի իրավապահները 9 հոգու են ձերբակալել այս գործով, կալանք միջնորդել: Պարզ չէ, թե 5 տարի անց ինչ նոր հանգամանքներ են ի հայտ եկել:
Իրավապահ համակարգի մեր աղբյուրն ասում է` հերթական շոուն է, նախընտրական նպատակներով: