Աուտիզմ ունեցող երեխային չեն թողել բարձրանա բեմ Վերջին զանգին․ ի՞նչ է մտածում ԿԳՄՍՆ-ն

Դավիթը, ով ունի աուտիզմ, այս տարի ավարտում է 9-րդ դասարանը, չբարձրացավ բեմ այսօր իր դասընկերների հետ․ այդ մասին ահազանգել է իր մայրիկը։
«Այսօր իմ որդու` Դավիթի ավարտական օրն էր, բայց նա չմասնակցեց։ Իմ որդին չբարձրացավ բեմ, որովհետև դուք չհասաք նրա աշխարհ։ Աուտիզմը դատավճիռ չէ․ Դավիթն այսօր այնտեղ չէր, որովհետև իր իրական կարիքները չտեսան, չլսեցին, ու ոչ ոք չփորձեց ձևավորել մի տարածք, ուր նա կզգար իրեն վստահ ու արժևորված»,- այս մասին գրել է Սյուզի Շալունցը։
MediaHub-ը դիմեց ԿԳՄՍ նախարարությանը՝ հասկանալու՝ արդյո՞ք այսպիսի պահվածքը ընդունելի է ներառական դպրոցում, և ի՞նչ պետք է անի գերատեսչությունը։
«ԿԳՄՍ նախարարությունը կարևորում է բոլոր երեխաների, մասնավորապես, կրթության առանձնահատուկ կարիք ունեցող երեխաների մասնակցությունը դպրոցական միջոցառումներին: Կրթական հաստատությունը պետք է անի հնարավոր բոլոր քայլերը, որպեսզի ցանկացած երեխա լիովին ընդգրկված լինի ուսումնական բոլոր գործընթացներում և միջոցառումներում»,- նշեցին ԿԳՄՍՆ-ից։
Նախարարությունից հայտնեցին, որ այս դեպքը իրենց ուշադրության ներքո է, և հաջորդ շաբաթ նախարարը նախատեսում է հանդիպում ունենալ Դավիթի և իր ծնողի հետ։
Դավիթի մայրիկը նաև գրել էր․ «Ես` որպես մայր, անցել եմ մեղքի, վախի, ուժասպառության շատ փուլեր։ Եվ այսօր նույնպես` կանգնելով այս ցավոտ փաստի առաջ, պիտի անկեղծ ասեմ, ես էլ պատրաստ չէի։ Ոչ մի մասնագետ երբևէ չէր աշխատել ընտանիքիս հետ, որ հասկանանք` ինչպես ուժեղ լինել նման օրերին։ Ոչ ոք մեզ չէր նախապատրաստել այսպիսի կարևոր և ցավոտ սահմանագծին։ Ես մենակ եմ եղել իմ ընտրության մեջ` թողնել, որ նա տանը մնա, թե՞ ստիպել անցնել մի փորձություն, որը նա շատ դժվարությամբ կհաջողեր։ Եվ ես ուզում եմ հարցնել ձեզ` ինչո՞ւ։ Ինչո՞ւ մեր երեխաները դեռ դուրս են մնում իրենց իսկ տոնական օրերից։ Ինչո՞ւ «ներառականություն» բառը մնաց միայն դպրոցական ծրագրերում, բայց ոչ իրական կյանքում։ Ինչու՞ մենք չենք մտածում բոլոր երեխաների մասին, այլ միայն նրանց, ովքեր համապատասխանում են «ընդհանուր» չափորոշիչներին։ Սա չհաջողված ներառականության հետևանք է։ Սա մի համակարգի հետևանք է, որ խոսում է «ներառման» մասին, բայց մոռանում է, որ դրա ամենակարևոր մասն այն ընտանիքներ են, ովքեր ապրում եմ յուրահատուկ երեխաների հետ։ Ես չեմ մեղադրում։ Բայց նաև չեմ լռում։ Ես ուզում եմ, որ հաջորդ Դավիթը բացակա չլինի իր իսկ տոնից, որ նրա մայրը կողքին կանգնի`ուժեղ, պատրաստված, որ նրա վախը վերածվի հպարտության, և եթե այս օրը բեմում չհնչեց Դավիթի անունը, թող որ հնչի այստեղ, այս տողերում` բարձր, հստակ և ուժեղ»։
Մարիաննա Արամյան