Ինչպե՞ս կարող են երեխաները լավ սովորել, երբ թմրանյութերն աննախադեպ ծավալով թափանցել են դպրոցներ

Դպրոցն իրավամբ պետք է լինի այն առաջին ու ամենակարևոր օղակը, որտեղ ոչ միայն գիտելքիներ են տալիս, այլև դաստիարակում են հայրենասերություն ու ձևավորում են քաղաքացի։ Այս դժվար առաքելությունն իրականացնելու համար դպրոցին անհրաժեշտ է ոչ թե պարզապես դասատու, բառի նեղ իմաստով, որն ընդամենը երեխաներին կսովորեցնի տվյալ օրվա համար գրաֆիկով նախատեսվածն ու կգնա տուն, այլ մանկավարժ, բառի լայն իմաստով, որն իրոք կկրթի ու կդաստիարակի սերունդ։
Սակայն ցավոք այսօր մենք ունենք հենց այդ մանկավարժների պակասը, որոնք իրենց վարքով, իրենց աշխատանքով, իրենց քաղաքացիական բարձր գիտակցությամբ օրինակ կդառնան աշակերտների համար ողջ կյանքի ընթացքում։
Այսօր ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, որը պետք է համակարգեր այս ամենակարևոր ոլորտը, հանդես եկավ ուղերձով, աշակերտներին հորդորելով շնորհակալություն հայտնել իրենց ուսուցիչներին, վերջում էլ ընդամենը խորհուրդ տալով. «Լավ սովորեք, որ լավ ապրեք»։ Ու վերջ, իսկը Նիկոլ Փաշինյանի՝ «այստեղ հաց, այստեղ կաց» տրամաբանությամբ։ Ոչ մի խոսք հայրենասիրության մասին, ոչ մի խոսք պետությանն ու հասարակությանը պիտանի լինելու մասին։ Այսինքն մի սպառողական սերունդ, որը չպետք է ունենա որևէ արժեհամակարգ, չունենա մեծ երազանքներ, չունենա համազգային ձգտումներ, չունենա ազգային մտածողություն, ընդամենը «լավ սովորի, որ լավ ապրի», արդյունքում էլ Նիկոլ Փաշինյանի սահմանմամբ՝ վճարի հարկերը ու դառնա «թիվ մեկ հերոսը»։ Թերևս ավելին սպասել էլ պետք չէր մի նախարարից, որին հենց դպրոցում վարչապետը պոկում է դուշը ու տալիս ձեռքը։
Այլևս Ինչպե՞ս պետք է աշակերտները ակնածանքով մոտենան առհասարակ դպրոցին, երբ ականատես են լինում երկրի ղեկավարի կողմից նման անմակարդակ արարքի։ Ժաննա Անդրեասյանը խորհուրդ է տալիս շնորհակալություն հայտնել ուսուցիչներին, բայց ինչպե՞ս կարող է աշակերտը հարգել ուսուցիչներին, երբ նրանցից ոմանք Նիկոլ Փաշինյանի մարզային այցելությունների ժամանակ քծնանքի շքերթում կանգնած են առաջին շարքերում ու երեխաներին սովորեցնում են Նիկոլ Փաշինյանի համար երգել. «Դու բարով եկար, կանաչ սարերով եկար, խոր-խոր ձորերով եկար», վերջինս էլ երեխաների կողքով անցնում է հաղթողի ներշնչմամբ։ Իհարկե կարող են ասել, որ դրանք մասնավոր դեպքեր են, որ դրանք տվյալ ուսոցիչների նախաձեռնությունն են։ Եթե նույնիսկ այդպես է, ապա երկրի ղեկավարությունը, առաջին հերթին Ժաննա Անդրեասյանն ինքը պետք է կանխի ստորաքարշության այդ դրսևերումները, որպեսզի երեխաների աչքին ուսուցիչները փորձության չենթարկվեն։
Ինչպե՞ս կարող է աշակերտը մեծարել ուսուցչին, երբ Մերձավանի դպրոցում դասավանդում է մեկը, որի ոչ ադեկվատ վարքագծի մասին պարզվում է տեղյակ են նույնիսկ ԿԳՄՍ նախարարությունում։ Վերջապես ինչպե՞ս կարող է աշակերտը շնորհակալություն հայտնել ուսուցչին, երբ թմրանյութը այն ծավալով է թափանցել դպրոց, որ օրինակ՝ Մխչյանի դպրոցում բարձր դասարանների աշակերտները փորձում են «դեղի վրա նստեցնել» 4-րդ դասարանցիներին։
Այս ամենը խոսում է ոլորտի խայտառակ վիճակի մասին, քծնանքների դեպքում՝ ողջունվող երկրի ղեկավարության կողմից, մնացյալ դեպքերում՝ ամենաթողության պատճառով, ինչի արդյունքում էլ ակամայից երբեմն ստվերվում է իրական մանկավարժների հայրենանվեր, ազգանվեր աշխատանքը, որոնց համար մանկավարժությունը ոչ թե սոսկ աշխատանք է, այլ նվիրյալ առաքելություն, որոնց համար երեխաները բացարձակ արժեք են, որոնք իրենց կյանքը չեն կարող պատկերացնել առանց դպրոցի, առանց իրենց աշակերտների ու երեխաների։
Կարեն Կարապետյան