ՌԴ-ն ե՞րբ և որտե՞ղ է ասել, որ ուզում է Հայաստանը դարձնել «ծայրագավառ»․ Պապոյանը չկարողացավ գեթ մեկ օրինակ բերել

ՌԴ-ն ե՞րբ և որտե՞ղ է ասել, որ ուզում է Հայաստանը դարձնել «ծայրագավառ»․ Պապոյանը չկարողացավ գեթ մեկ օրինակ բերել

Վերջին տարիներին Հայաստանի իշխանությունների մեջ մի տխմար նարատիվ է մտել, թե ինչ-որ ուժեր Հայաստանն ուզում են դարձնել գուբեռնիա ու մտցնել Ռուսաստանի կազմ՝ Չեչնիայի կարգավիճակով, օրինակ։ ՔՊ-ական պատգամավորները հենց ուզում են ընդդիմությանը քննադատել ու տեսնում են՝ նախկինների թալանի թեման այլևս չի աշխատում, սկսում են այդ թեզը շրջանառել, թե իբր ընդդիմադիր ուժերի գործունեությունը սպառնալիք է ՀՀ անկախությանն ու ինքնիշխանությանը, որովհետև նրանք ուզում են Հայաստանը մտցնել միութենական պետության մեջ կամ դարձնել Ռուսաստանի հեռավոր մի մարզ։ Այդ մարզը ՔՊ խմբակցության ղեկավար, անունով իբր պատմաբան Հայկ Կոնջորյանը անվանում է ծայրագավառ։ Նրա ելույթներում կարմիր թելով անցնում է հենց այդ հիմար թեզը, թե Հայաստանն ուզում են դարձնել Ռուսաստանի ծայրագավառ։ Երբեմն Ռուսաստանի անունը չեն տալիս, բայց պարզ հասկացնում են, թե որ «հյուսիսային հարևանի» մասին է խոսքը, թեպետ ՌԴ-ն մեզ հարևան չէ։ 

Իսկ ո՞վ է ուզում Հայաստանը դարձնել գուբերնիա կամ, Կոնջորյանի ասած, ծայրագավառ։ Երբևէ Ռուսաստանից այդպիսի ազդակներ լսե՞լ ենք, ՌԴ իշխանությունների կողմից այս 35 կամ վերջին յոթ տարիների ըթնացքում որևէ անգամ պաշտոնապես կամ կիսապաշտոնապես հնչե՞լ է այդպիսի հայտարարություն, որ մտադիր են Հայաստանը կցել Ռուսաստանին ու դարձնել ՌԴ մարզերից մեկը։

Այս հարցը երեկ ուղղեցինք էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանին, որը հարցը լսելուն պես՝ սկսեց ընկնել սար ու ձեր, անհեթեթ բաներ խոսել ու չբերել հստակ օրինակ, որը կհավաստի իրենց ասածները։

«Նայեք, Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության, ընդհանրապես մեր քաղաքականության հիմնական նպատակը, բնականաբար, մեր ինքնիշխանության պաշտպանությունն է և աշխարհի բոլոր երկրների հետ հավասարը հավասարի հետ խոսելու․․․ Չեմ կարծում, որ մենք պետք է գնանք էն տրամաբանությամբ, որ ինչ-որ երկրների․․․ Այսինքն՝ մենք տենց տարբերակում երկրների մեջ չպետք է դնենք, մենք որևէ երկրի հետ մեր հարաբերությունները կառուցելուց պետք է գնանք մեր ինքնիշխանության ամրապնդման և, բնականաբար, հավասարը հավասարի խոսելու քաղաքականությամբ»,- ասաց Պապոյանն ու փորձեց շեղվել դեպի տնտեսական քաղաքականությունը։

Նրան հիշեցրինք, որ մենք տնտեսական քաղաքականության մասին չենք հարցնում, այլ այն մասին, թե երբևէ Ռուսաստանի կողմցի լսե՞լ եք նման հայտարարություն, որ Հայաստանն ուզում են դարձնել գուբերնիա։

«Ես ասում եմ, որ Հայաստանի հանրապետությունը երբեք որևէ երկրի գուբերնիա չի կարող դառնալ, և այն քաղաքականությունը, որ այսօրվա կառավարությունը վարում է, հենց դրա մասին է»,- նշեց Պապոյանն ու խոսափեց պատասխանել, թե ինչի՞ց ելնելով են, այդ դեպքում, իրենք այդպիսի հայտարարություններ անում։ 

Սա ևս մեկ ապացույց է այն բանի, որ ՔՊ-ականները ընդամենը հորինում են այդպիսի կեղծ թեզեր, որ ցույց տան՝ իբր ինչ-որ ուժեր կամ երկրներ սպառնում են ՀՀ անկախությանն ու ինքնիշխանությանը։ Իրականում, կա այդպիսի երկիր, և այդ երկիրը Ադրբեջանն է, որը ոչ միայն սոսկ սպառնում է ՀՀ ինքնիշխանությանն ու անկախությանը, այլև տենչում է ոչնչացնել Հայաստանն ու հայ ժողովրդին, և այդ ուղղությամբ ակտիվ ջանքեր է գործադրում։ Այդ մասին, սակայն, ոչ մի ՔՊ-ական չի խոսում և չի ուզում ընդունել իրենց «եղբայրական» Ադրբեջանի ռազմատենչ նկրտումները։

Վահե Մակարյան