Հայաստանում պաշտպանված չեն սահմանափակ վարքագիծ ունեցող երեխաների իրավունքները․ ծնողն ու հոգեբանն ահազանգում են 

Հայաստանում պաշտպանված չեն սահմանափակ վարքագիծ ունեցող երեխաների իրավունքները․ ծնողն ու հոգեբանն ահազանգում են 

«Այսօր իմ որդու` Դավիթի ավարտական օրն էր, բայց նա չմասնակցեց։ Իմ որդին չբարձրացավ բեմ, որովհետև դուք չհասաք նրա աշխարհ»,- այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Սյուզի Շալունցը։

Նրա որդին՝ Դավիթը, այս տարի ավարտում է դպրոցը։ Երեխան ունի աուտիզմ, որն էլ պատճառ է դարձել, որ իր դասընկերների հետ բեմ չբարձրանա։ «Աուտիզմը դատավճիռ չէ․ Դավիթն այսօր այնտեղ չէր, որովհետև իր իրական կարիքները չտեսան, չլսեցին, ու ոչ ոք չփորձեց ձևավորել մի տարածք, ուր նա կզգար իրեն վստահ ու արժևորված։ Պարզ դարձավ` սա իր տոնը չէր»,- նշել է մայրը։ 

«Հայաստանում պաշտպանված չեն սահմանափակ վարքագիծ ունեցող երեխաների իրավունքները։ Դպրոցը լավագույն վայրն է, որտեղ կարելի է երեխաներին ինտեգերել հանրությանը։ Բայց մենք շատ անելիք ունենք ներառականության առումով, որովհետև աուտիզմ, հաշմանդամություն կամ այլ հիվանդություն ունեցող երեխաները դասարանային կամ դպրոցական հանրության մեջ ներառված չեն, իրենց օտար են զգում, բարդույթներով են մեծանում։ Այսինքն, անունը կա ձևի մեջ, բովանդակային առումով՝ զրո է։ ԿԳՄՍ նախարարությունը պետք է հստակ ծրագիր մշակի։ Ես պատկերացնում եմ ծնողների վիճակը, մանավանդ էս օրերին»,- MediaHub-ին ասում է հոգեբան-լոգոպեդ Լուսինե Գասպարյանը։

Նա ևս պնդում է, որ աուտիզմը հիվանդություն չէ, աուտիզմն ապրելակերպ է։ 

«Աուտիզմ ունեցող երեխաները մի փոքր այլ են տեսնում աշխարհը, և դեռ հարց է, արդյո՞ք մենք ենք ճիշտ տեսնում թե իրենք, մեր պատկերացումնե՞րն են ավելի իրական, թե՞ իրենց»,- ասում է հոգեբանը։ Ծանոթանալով սյունեցի ծնողի գրառումը՝ Լուսինե Գասպարյանն արդեն իսկ դիմել է նախարարություն, որպեսզի այս հարցը հատուկ ուշադրության արժանացնեն։

«Ցավալի է։ Երեխան ամենաշատը պետք է չթիրախավորվի դպրոցում, բայց մեզ մոտ ամեն ինչ հակառակ ուղղությամբ է գնում։ Ես չեմ մեղադրում ոչ մեկին, դրա իրավունքը չունեմ, ուղղակի շնորհակալ եմ մորը՝ տիկին Շալունցին, որ ևս մեկ անգամ հանրայնացրեց այս խնդիրը։ Այո՛ սա խնդիր է, որը ոչ թե աուտիկ երեխան է, այլ նրա հետ հարաբերվելու, շփվելու մեր տարրական չիմացությունը»,- եզրափակեց Գասպարյանը։

Հունան Թադևոսյան