Գուգոյի անկումը՝ երկրաչափական պրոգրեսիայով

Գուգոյի անկումը՝ երկրաչափական պրոգրեսիայով

Նիկոլ Փաշինյանը միայնակ չի կարող բռնապետություն հաստատել, եթե նրան չաջակցեն տարբեր պաշտոնյաներ, պատգամավորներ, իշխանության հաստիքային ու արտահաստիքային հաճախորդներ։ 
«Բռնապետության դեմքը» խորագրի այսօրվա «հերոսը»՝ ՔՊ պատգամավոր Գուրգեն Արսենյանն է, որին, առանց վարանելու, կարելի է մրցակցությունից դուրս համարել ամբողջ շաբաթվա կտրվածքով: 

«Կրկնակի հերոս» 

Շատ հազվադեպ է լինում, որ նույն մարդը մեկ օրվա ընթացքում երկու դրվագով է «վաստակում» այս խորագրի «հերոսի» կարգավիճակը:
Գուրգեն Արսենյանի մոտ դա ստացվեց:   
Գուրգեն Արսենյանին պատկանող «Յունիքորն Թրեյդ» ՍՊԸ-ն վարչապետի կնոջ` Աննա Հակոբյանի «Իմ քայլը» հիմնադրամին փոխանցել է 1 մլն դրամ։ 
Սա, իհարկե, քծնանքի, շողոքորթության դրսևորում է, ինչն իր վտանգավորությամբ զիջում է Արսենյանի հրապարակային հայտարարությանը:
«Մենք չենք կարող ռիսկի ենթարկել երեք միլիոն հայերի՝ հանուն 120 հազար արցախցիների»,- խորհրդարանական լսումների ժամանակ ասել է Գուրգեն Արսենյանն՝ ըստ էության, առաջարկելով «փուռը տալ» Արցախը: 

Մանդատը վայր դնելու պահանջ 

Առաջին դրվագի գնահատականը թողնում ենք այն մարդկանց, ովքեր մինչև հիմա կարծել են, թե Արսենյանը սկզբունքներ ու բարոյականություն ունի:
Երկրորդ դրվագի, այսինքն՝ սկանդալային հայտարարության համար, Արսենյանը պետք է վայր դնի մանդատը, որովհետև կա՜մ նրա թիմը, կա՜մ ինքն անձամբ խաբել են ընտրողներին՝ 2021թ-ի ընտրությունների ժամանակ, ապա կառավարության ծրագրով Արցախի համար խոստանալով անկախություն՝ ինքնորոշման ճանապարհով:

Վահրամ Բագրատյան