Փաշինյանը կիրագործի Ալիևի երազանքը, ադրբեջանցիները կլցվեն Հայաստան

Բաքվի ռազմական դատարանում շարունակվում է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության և մյուս ռազմագերիների շինծու դատական նիստը։ Ըստ գերիների հարազատների՝ անընդհատ ձգձգվելուց բացի՝ դատական գործընթացը որևէ արդյունք չի տալիս։
«Ադրբեջանը միանգամից լուծում է մի քանի խնդիր, այդ թվում՝ առաջ է բերում փախստականների վերադարձի թեզը։ Հիշենք Բաքվի բանտից Ռուբեն Վարդանյանի ուղերձը, որ այստեղ դատվում են Հայաստանն ու հայ ժողովուրդը։ Հիմա Ադրբեջանում հիշել են, որ մինչև Խորհրդային միության փլուզումը Հայաստանի տարբեր շրջաններում ապրում էր շուրջ 170 հազար ադրբեջանցի։ Թվում է՝ այնտեղ ռազմագերիներին են դատում, բայց ոչ, Ադրբեջանի ցանկությունը հարյուր հազարավոր մարդկանց Հայաստանում բնակեցնելն է։ Նրանք արդեն պատրաստել են այդ մարդկանց ու գիտեն որտեղ են բնակեցնելու»,- MediaHub-ին ասում է արցախցի պատմաբան Մհեր Հարությունյանը։
Ադրբեջանը ոչ միայն իրենց «պատմական» քարտեզներում, այլև պաշտոնական հաղորդագրություններում Հայաստանի շրջանները ներկայացնում է իրենց տարբերակով։
Մասնավորապես, դատական նիստը հարթակ օգտագործելով` պետական ԶԼՄ-ներում Վարդենիսի շրջանը ներկայացվում է «Բասարքեչյար» անունով, Մասիսը՝ «Զանգիբասար», Սյունիքը՝ «Զանգեզուր»:
«Բակո Սահակյանի դատավարության կադրերն եմ ուսումնասիրել։ Ադրբեջանցիները դատարանում միացրել են 1993 թվականի հուլիսին «Երկրապահ» կամավորականների հետ հանդիպման ժամանակ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթի տեսաձայնագրությունը, որտեղ նա հանդես է եկել հատուկ ուղերձով, խոսել սկիզբ առած շարժման, պատերազմի, հաղթանակի, դրան տեր կանգնելու մասին։ Տեր-Պետրոսյանն ասել է այն, ինչը մտածում է յուրաքանչյուր հայ։ Այո, պատերազմը հնարավորություն տվեց մեզ մաքրել Հայաստանը և Արցախը ադրբեջանական ներկայությունից։ Իսկ ադրբեջանական կողմը սա ներկայացնում է որպես ադրբեջանցիների «էթնիկ զտում», մոռանալով գլխավոր հարցը․ իսկ ո՞վ սկսեց պատերազմը»,- ասում է պատմաբանը՝ չբացառելով, որ Փաշինյանը կիրագործի Ալիևի երազանքը, և ադրբեջանցիները «փախստականների վերադարձ» անվան տակ կլցվեն Հայաստան։
Հունան Թադևոսյան