Բժիշկը զգուշացրել է շոգ եղանակին ալկոհոլ օգտագործելու ճակատագրական հետեւանքների մասին

Բժիշկը զգուշացրել է շոգ եղանակին ալկոհոլ օգտագործելու ճակատագրական հետեւանքների մասին

Շոգ եղանակին ոգելից խմիչք օգտագործելը սպառնում է սրտի կաթվածի և ինսուլտի առաջացումով։ Զգուշացրել է հոգեբույժ-նարկոլոգ Մարիա Կասպերովիչը։

Նա NEWS.ru-ին տված հարցազրույցում խոսել է շոգին ալկոհոլի չարաշահման մահացու հետեւանքների մասին։

Կասպերովիչն ինսուլտների և ինֆարկտների ռիսկի աճը բացատրել է նրանով, որ շոգին արյունատար անոթները լայնանում են, և օրգանիզմը ավելի շատ խոնավություն է պահանջում՝ ջրազրկումից խուսափելու համար։ «Արյան նորմալ շրջանառությունը պահպանելու համար սիրտը պետք է ավելի շատ աշխատի։ Նաև ակտիվ աշխատում են քրտինքի գեղձերը»,- ասել է Կասպերովիչը։

Ալկոհոլը, հատկապես գարեջուրը, միզամուղ ազդեցության շնորհիվ ջրազրկում է օրգանիզմը, իսկ ավելացած քրտնարտադրության ֆոնին օրգանիզմն էլ ավելի շատ խոնավություն է կորցնում։ Նման պայմաններում, ըստ նարկոլոգի, մեծանում է սրտանոթային համակարգի ծանրաբեռնվածությունը։

«Եթե շոգ եղանակին գարեջուր և այլ ալկոհոլային արտադրանք եք խմում, ապա սրտանոթային համակարգի վրա մեծ ծանրաբեռնվածություն է լինում, հատկապես, եթե մարդը տառապում է սրտի և այլ քրոնիկական հիվանդություններով», - զգուշացրել է Մարիա Կասպերովիչը:

Նարկոլոգը նաև ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ շոգին ավելի արագ է տեղի ունենում թունավորումն ու սպառնում է մարմնի նկատմամբ վերահսկման ամբողջական կորստին։