Քավության նոխազը գտնվեց

Քավության նոխազը գտնվեց

Ինչպես ավելի վաղ MediaHub-ը տեղեկացրել էր, Ներքին գործերի նախարարության պարեկային ծառայության ղեկավար Արթուր Ումրշատյանն ազատվել է պաշտոնից։

Ներքին գործերի նախարարությունը դեռ պաշտոնական պատճառ չի նշում, թեև շատերի համար է դա ակնհայտ:

Փետրվարի 10-ի ուշ երեկոյան համացանցում տեսանյութ տարածվեց, թե ինչպես են ոստիկանության աշխատակիցները Երևանի Հանրապետության հրապարակում փորձում կանգնեցնել արծաթագույն «Համմերի» վարորդին: Սոցիալական ցանցերում քննադատության սլաքներն ուղղվեցին Պարեկային ծառայությանը՝ մեքենան ժամանակին կանգնեցնել չկարողանալու համար։

Որ այդ օրը պարեկները նման էին անօգնական մարդկանց, փաստ է: Համենայն դեպս, պրոֆեսիոնալ մոտեցման պարագայում՝ կարգազանցը կամ հանրային անվտանգությանը սպառնացող մարդը կարող էր շատ ավելի արագ լոկալացվել ու բերման ենթարկվել:

Այս առումով՝ Պարեկային ծառայության ղեկավարին պաշտոնանկ անելու հիմքեր, անշուշտ, կան: Բայց արդյո՞ք խնդիրը կարող է լուծվել միայն կադրային որոշումներով, թե՞ ամեն ինչ շատ ավելի խորքային հիմք ունի:

Գոնե մի քանի փաստերի համադրումը հուշում է, որ ձախողվել է ոչ թե ստորաբաժանման կոնկրետ ղեկավարը, այլ բարեփոխումներն՝ առհասարակ:
«Կիրթ» Պարեկային ծառայության կոնցեպտը, մեղմ ասած, չաշխատեց, ոստիկանության գործողություններն ավելի պրոֆեսիոնալ ու որակյալ չդարձան:

Մի խոսքով, Պարեկային ծառայությունը ոչ միայն նոր պետի, այլ նաև նոր բարեփոխումների կարիք ունի:

Վահրամ Բագրատյան