Փաշի նյանը կրկին զիջել է

Փաշի նյանը կրկին զիջել է

«Մի քանի օր առաջ մենք նոր նախագիծ ստացանք Հայաստանից։ Պետք է ասեմ, որ խաղաղության համաձայնագրի նախագծի վերաբերյալ «բաց» հարցերի թիվը նվազում է»,- հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը:

«Մի շարք դիրքերում դրական դինամիկա է նկատվում։ Այսինքն, մենք այստեղ դրական դինամիկա ենք տեսնում»,- հավելել է նախարարը։ 

Եթե ավելի պարզ շարադրենք Բայրամովի ասածը, ստացվում է՝ Երևանը վիճահարույց հարցերում դարձյալ գնացել է զիջումների:

Իսկ վիճահարույց հարցերը, ըստ էության, երկուսն էին՝ Բաքուն առարկում էր, որ խաղաղության պայմանագրում հիշատակում կատարվի Ալմա-Աթայի հռչակագրին, և որ երկու կողմերի պատկերացումները տարբեր էին տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցում, այլ խոսքով՝ Բաքուն պնդում է, որ դեպի Նախիջևան կապ պետք է ստանա պարզեցված ռեժիմով:

Հիմա թերևս պետք է ենթադրել, որ այս կետերից որում է սկզբունքային զիջում կատարել պաշտոնական Երևանը, որը գոհացրել է Բայրամովին:

Ընդ որում, նկատենք, որ այս ընթացքում Բաքվի դիրքորոշումը միայն կոշտացել է. Ալիևը պահանջում է, որպեսզի Հայաստանը ներողություն խնդրի, այսպես ասած, Խոջալուի ցեղասպանության համար, իսկ Բայրամովը դարձյալ բարձրաձայնել է այն մասին, որ Հայաստանի Սահմանադրությունը չի համապատասխանում խաղաղության պայմանագրին:

Այսպիսով, Փաշինյանը շարունակում է «առիթ չտալու» նվաստացուցիչ քաղաքականությունը:

Վահրամ Բագրատյան