«Խաչիկ գյուղի բնակիչը մի օր անհետացել է, մի օր՝ հայտնվել»․ նրա առևանգման մասով քրեական գործ է հարուցվել

Խաչիկ գյուղի բնակիչը մի օր անհետացել է, մի օր՝ հայտնվել։ Ըստ տեղեկությունների՝ վերջինիս ադրբեջանցիներն են առևանգել։
Արենի խոշորացված համայնքի ղեկավար Հուսիկ Սահակյանը MediaHub.am-ի հարցին` ճի՞շտ է, որ ադրբեջանցիներն են առևանգել Խաչիկ գյուղի 60-ամյա բնակիչ Աշոտ Խաչատրյանին, վերջինս պատասխանեց, որ իրավապահ մարմիններն են զբաղվում այս հարցով և որևէ տեղեկություն տալ չի կարող։ «Հիմա մի բան ասեմ, ուրիշ տեղեկության կհակասի, չգիտեմ, ինչ կլինի։ Եղել է մարդ, որ մի քանի օրով բացակայել է, հետո հայտնվել է, հիմա, թե առևանգել են, տարել են, թե ինքն է իր ոտքով գնացել, ես ոչինչ չունեմ ասելու, իրավապահ մարմիններից ճշտեք»։
Խաչիկ գյուղի վարչական շրջանի ղեկավար Հովիկ Սմբատյանն էլ մեզ հետ զրույցում պնդեց, թե ինքը չէ, որ պետք է տեղեկությունը հաստատի կամ հերքի. ՊՆ-ն պետք է զբաղվի այս հարցով։ «Էլ սենց հարցերով ինձ մի զանգեց, ես ոչ մի բան էլ չեմ ասում»,-ասաց Սմբատյանը։
MediaHub.am-ը փորձեց տեղեկությունը ճշտել ՊՆ-ից։ ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը փոխանցեց, որ Դատախազությունը քրեական գործ է հարուցել և ուղարկել Քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչություն՝ նախաքննություն կատարելու համար։
Լիաննա Թորոսյան