Արկերի տակ ծնված Արևը արդեն 3 տարեկան է (մի լուսանկարի պատմություն)

Արկերի տակ ծնված Արևը արդեն 3 տարեկան է (մի լուսանկարի պատմություն)

2020 թվականի հոկտեմբերի 3-ն էր։ Ստեփանակերտի բուժհաստատություններում ասեղ գցելու տեղ չկար։ Քաղաքի բնակչության մեծ մասը՝ հիմնականում կանայք ու երեխաներ, տարհանվել էին Հայաստան։ Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնը՝ ամբողջ բուժանձնակազմով, ևս լծված էր վիրավորների բուժման աշխատանքներին։ 

Ծննդաբերական ցավերով այդ օրը ծննդատուն դիմեց Արփինեն, առաջնեկին պիտի ունենար։ Նրա ամուսինը որպես վարորդ աշխատում էր «Ստեփ-սերվիս» ընկերությունում և այդ օրը Ստեփանակերտում չէր, շրջանների բնակիչներին ավտոբուսով տարհանել էր Հայաստան։

«Ես միայնակ հասել եմ ծննդատուն։ Բժիշկներն այդ օրն անգամ զարմացել են, որ քաղաքում հղի կա։ Բոլորը եկան, ինձ իջեցրին նկուղային հարկ, ամեն ինչ արեցին, որ երեխաս անվնաս ծնվի։ Դժվարությամբ ծննդաբերեցի։ Ամուսնուս հետ նախապես որոշել էինք անունն Արևիկ դնել։ Գիտեի, որ լուսավոր բալիկ եմ ունենալու։ Ծննդաբերության ընթացքում արված լուսանկարը շատ արագ մեծ տարածում գտավ լրատվական կայքերում։ Այդ օրն այնքան են հրետակոծել քաղաքը, որ նկուղում լսելի էր դրանց ձայները։ Օդային տագնապը չէր անջատվում»,- իր կյանքի պատմությունը MediaHub-ին ներկայացնում է Արփինեն։

Նոր մայրացած կնոջ համար հիմնական մտածմունքն այդ պահին բալիկի առողջությունն էր՝ «մի բան չլինի, մինչև ամուսինս գա, մեզ տարհանի»։ Սակայն, ժամ առ ժամ Ստեփանակերտում փոխվում էր իրավիճակը։

Բժիշկները նույն օրը, անվտանգության նկատառումներից ելնելով, Արփինեին դուրս են գրում։ Վերջինս ընդամենը մեկ օրական երեխայի հետ հասնում է տուն, հավաքում իրերն ու գնում գյուղատնտեսության նախարարության ապաստարան։ 

«Արևիկն իմ առաջնեկն էր, ես անգամ կերակրելու ճիշտ ձևը չգիտեի, սարսափում եմ հիմա պատմել այդ օրերի ապրումներս։ Ապաստարանում գտնվող կանայք օգնեցին ինձ, խորհուրդներ տվեցին։ Ամուսինս դեռ ճանապարհին էր, գիտեի, որ ուշ է հասնելու։ Հետո Երևանից Դավիթ անունով մի տղա եկավ, ասաց՝ «պատրաստվիր, կես ժամից քեզ տեղափոխելու եմ Հայաստան»»,- հիշում է Արփինեն, իր երախտագիտությունը հայտնում անծանոթ տղամարդուն, ով այդ դժվար օրերին իր կողքին է եղել։ 

«Ճանապարհին մտել ենք Շուշիի հիվանդանոց, տեղի բժիշկների օգնությամբ կերակրել եմ բալիկիս, շարունակել ճանապարհը։ Արևիկս, փաստորեն, ուժեղ աղջիկ էր, ինձ էլ ուժ էր տալիս։ Դավիթն ինձ ու բալիկիս տեղավորեց իր ծանոթներից մեկի՝ Գուրգենի և Շաքեի տանը։ Մեզ այնքան ջերմ են ընդունել, որ մինչ օրս այդ ընտանիքի հետ ոչ թե ընկերական կապ ենք պահում, այլ վերաբերում ենք որպես բարեկամների»,- ասում է երիտասարդ կինը: 

Արփինեի ամուսինը՝ Հրանտը, որ 44-օրյա պատերազմում ընդգրկված էր թիկունքային աշխատանքում, ավելի ուշ է միացել ընտանիքին։ Գիտի, կնոջ համար հեշտ չի եղել, իսկ ընդամենը մեկ օրական դուստրը՝ հաղթահարել է իրեն բաժին հասած առաջին փորձությունը։  Ընտանիքի պատմությունը, սակայն, այսքանով չավարտվեց։ Զինադադարից հետո վերադարձել են Արցախ։ Երբ Արևիկն արդեն 2 տարեկան էր, Արփինեն ու Հրանտը 2022 թվականին պաշարված հայրենիքում ունեցել են 2-րդ բալիկին՝ Մանեին։ 2023 թվականի սեպտեմբերի 25-ին հարկադրված նորից բռնել են գաղթի ճանապարհը։  

Արփինեն Արցախում ապրելը առաքելություն է համարում, որն ինքը կրել է պատվով։ 

«Հեշտ չէ հիմա, բայց ուրախ եմ, որ 2 դեպքում էլ փորձության ճանապարհն անցել եմ առանց կորուստների»,- հավելում է նա։

Հունան Թադևոսյան