Ուջանում մեքենաներ են բախվել․ վիրավորներ կան

Այսօր՝ փետրվարի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 10։10-ի սահմաններում Երևան-Գյումրի Մ1 ավտոճանապարհի 37 կմ հատվածում, Ուջան գյուղի վարչական տարածքում բախվել են «Iveco» մակնիշի բեռնատարը և «Volkswagen» մակնիշի ավտոմեքենան, ինչի հետևանքով վերջինը հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աշտարակ» բժշկական կենտրոն։
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Արագածոտնի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Փրկարարները հոսանքազրկել են «Volkswagen» մակնիշի ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։
Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Աշտարակի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատուի գլխավորությամբ։
Վթարի մասին ոստիկանության Աշտարակի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների և վիրավորների ինքնությունը: