ՔՊ կանանց գունդը չի հանձնվում, Փաշինյանը խիստ հրահանգ է իջեցրել․ Մամուլը՝ սուրճով

«Հրապարակ» գրում է․
Գյումրու ավագանու առաջին նիստը կայանալու է ապրիլի 16-ին։ Այդ օրը քաղաքապետ են ընտրելու` 2 թեկնածու է առաջադրվելու. Հայաստանի կոմունիստական կուսակցության ցուցակով առաջադրված Վարդան Ղուկասյանը եւ ՔՊ-ից` Սարիկ Մինասյանը։ Եթե ֆորս մաժոր չլինի, քաղաքապետ կընտրվի Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը. անցողիկ շեմը հաղթահարած ընդդիմադիր ուժերը հայտարարել են Ղուկասյանին սատարելու մասին։ ՔՊ-ն թեեւ չունի բավարար մանդատներ՝ իր թեկնածուին անցկացնելու համար, բայց ՔՊ-ականները հայտարարել են, որ Սարիկ Մինասյանը եւս առաջադրվելու է։ Գյումրու ավագանին ունի 33 մանդատ: Համայնքի ղեկավար կընտրվի այն թեկնածուն, որը կստանա ավագանու անդամների ձայների մեծամասնությունը՝ 17 ձայն։ Եթե որեւէ մեկը չստանա 17 ձայն, քվեարկության 2-րդ փուլ կլինի:
Հիշեցնենք․ ՔՊ-ն ունի 14 մանդատ, Կոմկուսը՝ 8, Մարտուն Գրիգորյանի «Մեր քաղաքը»՝ 6, Ռուբեն Մխիթարյանի «Իմ հզոր համայնքը»՝ 3, Կարեն Սիմոնյանի «Մայր Հայաստանը»՝ 2 մանդատ։ ՔՊ-ի հույսն այն է, որ ընդդիմադիրների նկատմամբ ճնշումներն արդյունք կտան, եւ ոմանք չեն քվեարկի։ Եթե առաջադրված թեկնածուներից ոչ մեկը չստանա 17 ձայն, առավելագույն ձայներ ստացած 2 թեկնածուների միջեւ կանցկացվի քվեարկության երկրորդ փուլ` ղեկավար կընտրվի առավելագույն ձայներ ստացած թեկնածուն: Ավագանու նիստն իրավազոր է, եթե նիստին ներկա է ավագանու 17 անդամ։ Եթե երկշաբաթյա ժամկետում նիստեր չկայանան, ու համայնքապետ չընտրվի, կգնան նոր արտահերթ ընտրությունների։
Քաղաքապետի ընտրությունը բաց քվեարկությամբ է՝ անհատական քվեաթերթիկներով, որոնց վրա ընտրողի անուն-ազգանունն է նշվում։
«Իրավունք» թերթը գրում է.
«Նիկոլ Փաշինյանին մոտ կանգնած աղբյուրների խոսքերով՝ Գյումրիի ընտրությունների արդյունքներից հետո՝ վերջինս խիստ հրահանգ է իջեցրել գյումրեցի ՔՊ-ականներին, որ «ռեխները քիչ ստեղ-ընդեղ շաղ տան»:
Մասնավորապես՝ նշել է, թե՝ «Դուք մենակ խոսում եք ու էդ կերպ էլ ավելի սրում իրավիճակը»: Ասել է՝ հիմա ժամանակն է հաշվի նստել իրականության հետ՝ այն իրականության, որի թիվ մեկ մեղավորը հենց իրենք են»:
«Ինձ ստել եք, թե սաղ OK ա, շեֆ ջան»,- մոտավորապես այսպիսի տեքստերով գանգատներ է իջնում վերեւներից: Միեւնույն ժամանակ, ասում են, որ ՔՊականներն էլ իրենց հերթին են պատերի տակ դժգոհում, թե՝ «Սաղ իր պատճառով է պրավալ գնացել, մի բան էլ մեզ է մեղադրում»:
«Փաստ» օրաթերթը գրում է.
Հայաստանի ԱԳՆ-ն օրերս հանդես եկավ մի հայտարարությամբ, որը քաղաքական դաշտում ու շատ փորձագետների շրջանում գնահատվեց ոչ միայն ծայրեծայր անհեթեթ, այլև առնվազն դավադրական, եթե չմեջբերենք առավել կոշտ ձևակերպումները: Մեջբերենք մի հատված. «...Լեռնային Ղարաբաղի հայության բռնի տեղահանության և Լեռնային Ղարաբաղի լուծարման վերաբերյալ հրամանագրի հրապարակումից հետո խնդիրը դուրս է եկել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև միջպետական հարաբերությունների կարգավորման օրակարգից»:
Սկսենք վերջից. ի՞նչ «միջպետական հարաբերությունների կարգավորման» մասին է խոսքն առհասարակ: ՀՀ-ն ու Ադրբեջանը 1991ից ի վեր ե՞րբ են ունեցել «միջպետական հարաբերություններ»: Սրա վրա չէինք կենտրոնանա, եթե հայտարարություն անողն ԱԳՆ-ն չլիներ: Հայաստանի ու Ադրբեջանի միջև ընթանում են, այսպես կոչված, «խաղաղության համաձայնագրի» կնքման բանակցություններ, որից հետո է միայն հնարավոր (անհավանական թվացող բան է, իհարկե, բայց համարենք հնարավոր), որ Հայաստանն ու Ադրբեջանը միջպետական հարաբերություններ հաստատեն:
Երկրորդ. Նիկոլ Փաշինյանի կառավարությունը հաստատել է 2021-25 թթ. «Գործունեության ծրագիր», որտեղ հստակ նշված է իրենց պարտավորությունը՝ Արցախի հայության ինքնորոշման իրավունքի իրացման հետ կապված: Ի՞նչ կապ ունի այստեղ ինչ-որ «հրամանագիր»:
Երրորդ. հասկանալի է, որ Արարատ Միրզոյանի ԱԳՆ-ն խոսում է Սամվել Շահրամանյանի ստորագրած թղթի մասին, որից, ի դեպ, Փաշինյանն ու իր առանցքային ֆիգուրանտները լիովին տեղյակ են եղել, չնայած ստում էին, թե ոչինչ չեն իմացել: Ամեն դեպքում. Սամվել Շահրամանյանին նույն փաշինյանական իշխանությունը չի ճանաչել ու չի ճանաչում որպես ԼՂՀ նախագահ, ու մեկ էլ հանկարծ նրա ստորագրած թղթի՞ն է հղում անում՝ սեփական հանցավոր անգործությունը արդարացնելու համար: Չհաշված, որ այդ հրամանագիրը, կարծես, ոչ ոք չի էլ տեսել:
Չորրորդ. եթե նույնիսկ ընդունենք, որ այդպիսի թուղթ իսկապես ստորագրվել է, միջազգային իրավունքի տեսակետից ուժի կամ ուժի կիրառման սպառնալիքի տակ ստորագրված որևէ թուղթ առոչինչ է:
Եվ վերջապես, որքան էլ Փաշինյանն ու իր թիմը ձգտեն ինքնավերացարկվել, մեղքն այլոց գրպանը գցել, Արցախն ուրացել են իրենք, Արցախը թշնամապատկան են հայտարարել իրենք, Արցախի 9 ամիս տևած շրջափակումը հաղթահարելու համար մատները մատին չեն խփել իրենք, թշնամական ագրեսիայի, գործնականում՝ ցեղասպանական կոտորածի ու զանգվածային բռնի տեղահանման, էթնիկ զտման ենթարկելու բացահայտ նպատակների ու դրա փաստացի իրականացման պայմաններում Արցախի հայությանը մեն-մենակ են թողել իրենք:
Ու հիմա գործնականում հենց իրենք են փորձում ջնջել ոչ միայն անցյալը, այլ նաև ապագայի բոլոր հնարավորությունները: Չնայած, սա արդեն նորություն չէ, պարզապես անընդհանտ նոր «կնիք» են դնում:
«Հրապարակ» գրում է․
ՔՊ-ական կանանց գունդը` Քրիստինե Պողոսյանի գլխավորությամբ, ամեն ինչ անում է, որ ԱԺ հերթական նիստում իշխող թիմը որոշի Անդրանիկ Քոչարյանի հարցով էթիկայի հանձնաժողով ձեւավորելու մասին։ Դիմումն անցած շաբաթ հանձնվել է ԱԺ ընդդիմադիր խմբակցություններին, որոնք այն պետք է դնեն շրջանառության մեջ, սակայն կանոնակարգ-օրենքով` առանց ՔՊ համաձայնության հնարավոր չէ ժամանակավոր հանձնաժողով ձեւավորել։
Անդրանիկ Քոչարյանի եւ լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանի միջադեպից փորձում են օգտվել նաեւ ՔՊ-ական որոշ կանայք եւ հատկապես՝ Քրիստինե Պողոսյանը, որը, ասում են, չի մարսում Քոչարյանի՝ իրեն արված դիտողությունները՝ ոչ պատշաճ հագուստով խորհրդարան գալու եւ այլ հարցերի վերաբերյալ։
Պողոսյանը միայնակ չէ` ՔՊ-ական բոլոր կանայք այս կամ այն չափով արժանացել են Քոչարյանի անտակտ դիտողություններին եւ ուզում են, որ նրա հարցով էթիկայի հանձնաժողով ձեւավորվի, եւ անգամ նրան զրկեն ԱԺ նիստերին մասնակցելու իրավունքից, հետո գուցե նաեւ այդ հիմքով՝ մանդատից։