Թրամփը խոստացել է օգնել Գազայի բնակիչներին սննդով, իսկ ինչ է ասել ՀԱՄԱՍ-ը

ԱՄՆ նախագահ Դոնադլ Թրամփը խոստացել է օգնել Գազայի բնակիչներին սննդով։
«Մենք օգնելու ենք Գազայի ժողովրդին սնունդ ստանալ։ Մարդիկ սովամահ են լինում, և մենք օգնելու ենք նրանց սնունդ ստանալ... [Գազայի հատվածում] շատ մարդիկ շատ վատ են ապրում։ Եթե նայեք, «Համաս»-ը դա անհնար է դարձնում, քանի որ նրանք վերցնում են [անկլավ] բերված ամեն ինչ։ Բայց մենք օգնելու ենք Գազայի ժողովրդին, քանի որ «Համաս»-ը նրանց հետ շատ վատ է վարվում», - ասել է Թրամփը՝ Սպիտակ տանը պատասխանելով լրագրողների հարցերին։
Իր հերթին ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, որ Իսրայելի հետ հրադադարի բանակցություններն անիմաստ են, քանի դեռ «շարունակվում են հակամարտությունը և անկլավի շրջափակումը»։
Այս մասին հայտարարել է շարժման քաղբյուրոյի անդամ Բասեմ Նաիմը։
«Անիմաստ է բանակցել կամ քննարկել հրադադարի նոր առաջարկներ, քանի դեռ Գազայի հատվածում շարունակվում է սովի պատերազմը, ոչնչացման պատերազմը», - ֆրանսիական AFP-ին ասել է ՀԱՄԱՍ-ի խոսնակը։
Նաիմը նաև կոչ է արել միջազգային հանրությանը «ճնշում գործադրել» Իսրայելի իշխանությունների վրա՝ «վերջ տալու սպանություններին և հանցագործություններին, որոնք հանգեցնում են սովի և ծարավի»։