«21-րդ դարում անձրևաջրերը տնից ավել-սավոկով ենք դուրս հանում»․ Արտաշատում հեղեղվել են մարդկանց տները

«21-րդ դարում անձրևաջրերը տնից ավել-սավոկով ենք դուրս հանում»․ Արտաշատում հեղեղվել են մարդկանց տները

Երեկվա տեղատարափը աննախադեպ էր․ խոսքը, մասնավորապես, Արարատի մարզի Արտաշատ համայնքի մասին է։ Թեև տեղումներ էին հանրապետության ամբողջ տարածքում, բայց Արտաշատի օրինակը որևէ այլ համայնքում չի կրկնվել։ Ըստ պաշտոնական վիճակագրության՝ մայիսի 5-ին Արտաշատ համայնքում 4 ժամվա ընթացքում թափվել են ամսական նորմայից 1,5 անգամ ավել տեղումներ (58 մմ):

Տեղումներն աննախադեպ էին, իսկ հետևանքները՝ սովորական դարձած։ Շատ մարդկանց տները  անձրևը հեղեղել է։

«21-րդ դարում անձրևաջրերը տնից ավել-սավոկով ենք դուրս հանում»,- պատմում է MediaHub-ի զրուցակիցներից մեկը, որը Արտաշատի Կամոյի փողոցի բնակիչ է։

Նրա խոսքով՝ ամբողջ փողոցը հեղեղվել է, անձրևաջրերը լցվել են տներ, 911 են զանգել, սակայն որևէ մեկը չի եկել, ու իրենք են ստիպված եղել թե՛ փողոցը մաքրել, թե՛ տներից ջուրը հեռացնել։

«Իբր թե ասֆալտապատել են փողոցը, բայց դա էլ ամբողջապես արված չի, ու հիմա խայտառակ վիճակ է, անձրևը չեկած՝ ամբողջ փողոցը ցեխի ու ջրափոսի է վերածվում։ Ամբողջ փողոցում ո՛չ ջրատար ունենք, ո՛չ առու։ Չնայած առու ամբողջ Արտաշատում չկա»,- նշեց նա։

Նկատենք, որ երեկ համացանցում բազմաթիվ գրառումներ կային կապված Արտաշատում ստեղծված իրավիճակի հետ․ քաղաքացիները տեղական իշխանություններին էին մեղադրում այդ անմխիթար վիճակի համար՝ նշելով, որ քաղաքապետին ընդհանրապես չի հուզում համայնքի վիճակը, կարևորը՝ «ինքն ու կինը գեղեցիկ հագնվում ու գլուխները բարձր քայլում են քաղաքում»։

Նարե Գնունի