Ադրբեջանն ամեն ինչ անում է՝ իր ներքին լսարանին հաճոյանալու և խորացնելու Հայաստանի հանդեպ ատելությունը

Ադրբեջանն ամեն ինչ անում է՝ իր ներքին լսարանին հաճոյանալու և խորացնելու Հայաստանի հանդեպ ատելությունը

Բաքվի զինվորական դատարանում շարունակվում է հայ ռազմագերիների կեղծ դատավարությունը։ Արցախյան առաջին ազատամարտի ժամանակահատվածում «տուժած» ճանաչված անձինք վկայություններ են տալիս, հարցաքննության ամբիոնի մոտ ժամանակ առ ժամանակ հայտնվում են Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարները։

«Ուշագրավ է, որ նրանցից և ոչ ոք չի թաքցրել իր թե՛ մասնակցությունն ազատագրական պայքարին և թե՛ Արցախի ժողովրդի ինքնորոշման հարցի շուրջ տեսակետները։ Որ այս դատավարությունն ընթանում է մարդու իրավունքների կոպտագույն խախտումներով ու աշխարհի աչքի առաջ, գաղտնիք չէ։ Մեզ այլևս չի զարմացնում միջազգային հանրության ու Հայաստանի իշխանության լռությունը, որն էլ օգնում է Ադրբեջանին՝ անել ավելին»,- MediaHub-ի հետ զրույցում ասաց «Ավո» ջոկատի ազատամարտիկ, Մոնթե Մելքոնյանի մարտական ընկեր Արմեն Մարտիրոսյանը։ 

Երեկ հերթական անգամ հարցաքննվել է Արցախի ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյանը։ Նա խոսել է Մարտունու ուղղությամբ մղված մարտերին իր մասնակցության մասին։ Դատավարության ժամանակ ցուցադրվել է 1993 թվականի ապրիլին նկարահանված տեսանյութ: Կադրերում երևում է, թե ինչպես է Սերժ Սարգսյանը՝ Մոնթե Մելքոնյանի և Դավիթ Իշխանյանի հետ ստուգայց կատարում դիրքեր։

«Տրամաբանությունից ու բովանդակությունից զուրկ են այդ կադրերը։ Այդ տեսանյութը գաղտնի չէ, դա հրապարակված է ամենուր։ Դրա պատճառն ընդամենը մեր հաղթանակների արժեզրկումն է։ Նրանք ամեն ինչ անում են՝ իրենց ներքին լսարանին հաճոյանալու համար, այդպես ավելի խորացնում Հայաստանի հանդեպ ունեցած ատելությունը»,- նշում է մեր զրուցակիցը։ 

Ըստ ադրբեջանական պետական լրատվամիջոցների՝ Իշխանյանը դատարանում տեսել ու ընդունել է տեսանյութի իսկությունը, հնչեցրել նկարահանման մասնակիցների անունները, այդ թվում՝ Արցախի պաշտպանության նախկին նախարար Մովսես Հակոբյանի: Իշխանյանը հաստատել է Սարգսյանի այցը և նշել, որ նա ծանոթացել է իրենց գումարտակում տիրող իրավիճակին:

Բաքվում պահվող գերիները, նրանց թվում Լևոն Մնացականյանն իրենց հարցազրույցներում չեն թաքցրել գոյապայքարին իրենց մասնակցությունը, անգամ նշել են կոորդինանտները։ 
Հաջորդ դատական նիստը կկայանա մայիսի 8-ին:

«Սա էլ պատահական ընտրված օր չէ։ Չի բացառվում, որ Շուշիի ազատագրման օրը կայացնեն դատարանի վճիռը»,- հավելեց Մուսայելյանը։

Հունան Թադևոսյան