Աշխարհի լուրերը՝ 1 րոպեում (06.02.2024)
1. Ադրբեջանում ավարտվեց արտահերթ նախագահական ընտրությունների նախընտրական քարոզարշավը։ Քարոզարշավը մեկնարկել էր հունվարի 15-ին՝ քվերակությունից 23 օր առաջ և, ըստ օրենքի, ավարտվում է քվեարկությունից 24 ժամ առաջ։ Այսօր Ադրբեջանում լռության օր է, իսկ վաղը արտահերթ նախագահական ընտրություններ են։ Ընտրություններին մասնակցում է յոթ թեկնածու։ Քվեաթերթիկում առաջինը Իլհամ Ալիևի անունն է, որը երկրի նախագահի պաշտոնը զբաղեցնում է 20 տարի։
2. Ստամբուլում երկու անհայտ անձինք (տղամարդ և կին) հարձակվել են դատարանի շենքի վրա։ Երկու հարձակվողներն էլ վնասազերծվել են պատասխան կրակով։
3. Կալիֆոռնիայում արտակարգ դրություն է հայտարարվել ջրհեղեղների պատճառով: Ավելի քան 800 հազար մարդ մնացել է առանց էլեկտրոէներգիայի, իսկ մի քանի քաղաքների բնակիչներ տարհանման կարիք են ունեցել։ Տուժել են նաև ամենահեղինակավոր շրջանները՝ Մալիբու, Բևերլի Հիլզ և Հոլիվուդ Հիլզ:
4. Այս գիշեր Նիդեռլանդների ֆերմերները բողոքի ցույց են անցկացրել ամբողջ երկրում: Նրանք այրել են աղբը, տրակտորներով փակել ճանապարհները։ Հիշեցնենք, որ ֆերմերների գործադուլները ամբողջ Եվրոպայով շարունակվում են արդեն տևական ժամանակ:
5. Տոկիոյում ձյան տեղումների պատճառով մոտ 120 մարդ շտապ հոսպիտալացվել է: Վնասվածքների մեծ մասն առաջացել է ընկնելու հետևանքով։ Տուժածների տարիքը տատանվում է չորսից մինչև 92 տարեկան։ Պատճառը եղել է մերկասառույցը: Սայտամա, Կանագավա, Յամանասի և Նագանո պրեֆեկտուրաներում առանց էլեկտրաներգիայի է մնացել 2,4 հազար տնային տնտեսություն։ Տոկիոյի օդանավակայանում ավելի քան 30 չվերթ է չեղարկվել։