Ադրբեջանցիների «վերադարձը» Հայաստան ինչ-որ ժամանակ հետո կբերի Սյունիքի կորստին

Ադրբեջանցիների «վերադարձը» Հայաստան ինչ-որ ժամանակ հետո կբերի Սյունիքի կորստին

Օրերս Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել էր, թե «խաղաղության' պայմանագրի ստորագրման համար բավական նպաստավոր միջավայր է ձևավորվել, և չի բացառվում, որ այն առաջիկայում կստորագրվի»։ Իսկ երեկ Թեհրանում տեղի ունեցավ «3+3» ձևաչափի (Հայաստան,  Ադրբեջան, Իրան, Ռուսաստան, Թուրքիա)  արտգործնախարարների մակարդակով հանդիպում։ Ի՞նչ սպասենք «3+3» ձևաչափի այս հանդիպումից հետո, և  թե խաղաղության պայմանագիրը ստորագրելուց հետո․ այս մասին

MediaHub- ը զրուցեց կովկասագետ, «Հայկական Նախագծի» համահիմնադիր Կարեն Իգիթյանի հետ։

«Այս դեպքում «3+2» ձևաչափում կա երեք տարածաշրջանային կայսրություններ (Իրան, Ռուսաստան, Թուրքիա) ու երկու հակամարտող կողմ (Ադրբեջան և Հայաստան)։ Երեք կայսրությունները իրենց շահերը փորձում են համադրել, բնականաբար այդ երկու կողմից ընտրել ուժեղ կողմին, բայց պահպանելով իրենց շահերը, օրինակ՝ Հայաստանը հիմա թույլ կողմն է, բայց Իրանը թույլ չի տա, որ ինչ-որ բան խանգարի իր ազատ ճանապարհը Հայաստանի հետ։ Հարցն այն է՝ ի՞նչ է ուզում այս կառավարությունը և ինչի՞ համար է այդ ձևաչափը օգտագործվում»,- ասաց Իգիթյանը։

Ըստ փորձագետի, այկ հարց է, որ Ադրբեջանի ԱԳՆ֊ն է ասում, որ «խաղաղության պայմանագիրը» ստորագրման շեմին է և Հայաստանի ղեկավարությունը դեռ չի ասել՝ կա այդ տեքստը, թե ոչ և արդյոք դա համաձայնեցված է։ Պարզ է, որ եթե Ադրբեջանն է կազմել այդ պայմանագիրը, ապա այն լիովին արտահայտելու է Ադրբեջանի շահերը։ 

«Եթե Ադրբեջանն է կազմում այդ պայմանագիրը, ապա լինելու է մի կետ՝ ադրբեջանցիների «վերադարձը» Հայաստան։ Մենք գիտենք, որ Ադրբեջանում Հայաստանը կոչում են Արևմտյան Ադրբեջան և այն մարդիկ, որոնք այդ քարոզչությամբ են մեծացել, հաստատ ոչ խաղաղության համար են գալու։ Շատ վատ կանդրադառնա Հայաստանի համար, եթե ադրբեջանական տարբերակը պայմանագրի անցնի և ստորագրվի, Հայաստանը զինված հակամարտություն է ունենալու  հենց երկրի տարածքում և այդ հակամարտությունում մասնակցելու են Ադրբեջանը և Թուրքիան»,- ասաց քաղաքագետը։ 

Եզրափակելով խոսքը նա ասաց, որ եթե ադրբեջանական տարբերակն անցնի, ապա անկլավները հաստատ կլինեն Ադրբեջանի տարածքում։ Ամենամեծ կեղծիքը նրանում է, որ այս պայմանագիրը ստորագրելով Հայաստանը ինչ-որ հարցեր փակում է, հակառակը  այս փաստաթուղթը ստորագրելով նոր հարցեր կբացի իր համար Հայաստանը, օրինակ, ադրբեջանցիների «վերադարձով», որը ինչ-որ ժամանակ հետո կբերի Սյունիքի կորստին։

Հիշեցնենք, ըստ մամուլի ԱԳՆ-ում աղբյուրը հայտնում է, որ վերջին ամսվա ընթացքում «խաղաղության պայմանագրի» վրա նախարարության գրեթե ողջ թիմն աշխատում է օրուգիշեր։ Համաձայնագրի տեքստն, ըստ էության, հիմնականում պատրաստ վիճակում է, հստակեցվում են որոշ առանցքային իրավական կարգավորումներ։

Մարիաննա Արամյան