Ժողովու՛րդ, մեզ դավաճանել և վաճառել են․ հիմա ուզում եմ աշխատել և ապրել իմ հաշվին 

Ժողովու՛րդ, մեզ դավաճանել և վաճառել են․ հիմա ուզում եմ աշխատել և ապրել իմ հաշվին 

Ստեփանակերտում նրան բոլորը գիտեն․ Սիլվա Խաչատրյանը մանկավարժի 42 տարվա փորձ ունի՝ վաստակավոր մանկավարժի կոչումով։ Ստեփանակերտի N3 հիմնական դպրոցում ֆիզկուլտուրա էր դասավանդում։ Այնպես էր նվիրված աշխատանքին ու այնքան եռանդով էր պարապում աշակերտների հետ, որ Սիլվա Սերգեյևնան (մեծից փոքր նրան այդպես են դիմում) նաև հոգով ու սրտով կապված էր Արցախին։

«Իմ ծնողները ծնվել են այնտեղ, հետո ես եմ ծնվել, իմ զավակները, իմ թոռները, բոլորս արցախցի ենք։ Մարդ ինչպե՞ս կարող է չսիրել իրեն կյանք տված հողը»,- հարցնում է, կարոտում, խեղդվում։ 

«Այո՛ Հայաստանն էլ հայրենիք է, բայց ես իմ ծննդավայր Արցախն եմ ուզում»,- MediaHub-ի հետ զրույցում ասում է նա։ 

«Ես երբեք չեմ մոռանա սեպտեմբերի 29-ը, օր, որ վերջին անգամ տանն էի։ Դժվար էր հատկապես վերջին րոպեները, երբ պիտի լքեի տունս, քաղաքս։ Այնտեղ է անցել իմ կյանքի լավ ու վատ տարիները, այնտեղ է անցել մանկությունս, պատանեկությունս, այնտեղ եմ մեծացել։ Հայրենիքից բաժանումը  նույնն էր՝ բաժանվել քեզանից»։ 

Վաստակավոր մանկավարժը Հայաստան տեղափոխվելուց հետո կանգնել է աշխատանք գտնելու խնդրի առջև։ Ի՞նչ անել, ամեն օր այս հարցը տալիս է ինքն իրեն ու չի գտնում պատասխանը։ 

«Եկանք Երևան: Ընտանիքս տուն վարձեց, և մեր առաջ բացվեց դժվարությունների մի անվերջանալի շղթա։ Աշխատանք չկա, պետք է ինչ-որ բան անել, ինչ-որ բան փոխել: Չլռել, չբողոքել և չնվնվալ: Լա՞վ է լինել զոհի կարգավիճակում, լա՞վ է, որ քեզ կարեկցեն, օգնեն, պետք է ընտրություն կատարել․ կա՛մ լուծել խնդիրները, կա՛մ չլուծել, բայց ի՞նչպես շարունակել ապրել»,-հարցերն անպատասխան են մնում: 

Ըստ մեր զրուցակցի՝ Արցախի Հանրապետության նախագահի 2023թ․ հոկտեմբերի 1-ի հրամանագրով, Արցախի ուսուցիչներն ազատվել են աշխատանքից: Սիրելի մասնագիտական գործով այստեղ աշխատանք չի գտնում և չգիտի՝ ի՞նչ անել։

«Չկա աշխատանք, ուստի և աշխատավարձ չկա, իսկ թոշակին դեռ շատ ժամանակ կա, ի՞նչ անել, երբ դու թակում ես բոլոր դռները ու քեզ ասում են, որ թափուր հաստիքներ չկան: Երբ քեզ ասում են, որ դու պիտի քննություն հանձնես: Ասում են՝ «սպասեք մյուս տարվան»: Իսկ մենք լռում ենք, ժողովուրդը քարացած է: Ավելի քան 100.000 մարդ սպասում է ինչ-որ բանի, ինչո՞ւ»։  

Սիլվա Սերգեյևնան ասում է, որ պահեր են լինում, երբ ցավը այն աստիճան ուժեղ է, որ անհնար է դառնում նույնիսկ շնչել: Մեկ-մեկ նաև պայքարելու ուժն է կորցնում։ 

«Ժողովու՛րդ, մեզ դավաճանել և վաճառել են: Մենք պետք է պայքարենք մեր իրավունքների համար: Ես չեմ ուզում ապրել աջակցության հաշվին, ես ուզում եմ աշխատել և ապրել իմ հաշվին, ապրել մարդկային պայմաններում: 40 տարվա մանկավարժական փորձով ուսուցիչ եմ, նախագահի կողմից արժանացել եմ վաստակավոր ուսուցչի կոչման...  իսկ հիմա՞, ոչինչ... նստած ենք տանը՝ առանց աշխատանքի, առանց գոյության պայմանների»,- վշտանում է մանկավարժը, միաժամանակ հորդորում Արցախի իր հայրենակիցներին չկոտրվել, չհանձնվել, այլ պայքարել։ 

«Եկեք ոտքի կանգնենք և պայքարենք մեր իրավունքների համար: Մենք չպետք է կոտրվենք հոգեպես, պետք է հավատանք մեր սեփական ուժերին և ապրելու ցանկությանը, աջակցենք մեկս մյուսին։ Սա պայքար է ապրելու իրավունքի համար»,- հավելեց Սիլվա Խաչատրյանը:

Հունան Թադևոսյան