Մովսես Հակոբյանը սկսել է Փաշինյանին պաշտպանե՞լ կամ՝ ինչի՞ց է վախենում գեներալը

Մովսես Հակոբյանը սկսել է Փաշինյանին պաշտպանե՞լ կամ՝ ինչի՞ց է վախենում գեներալը

Երեկվա Նիկոլ Փաշինյանի ասածը տեսել եմ, մարդն ասում ա՝ ով մեղավոր է պետք է պատասխան տա, վսյո։ Այս մասին այսօր MediaHub.am-ի հետ զրույցում ասաց Զինված ուժերի Գլխավոր շտաբի նախկին պետ, գեներալ գնդապետ Մովսես Հակոբյանը՝ անդրադառնալով Փաշինյանի՝ Վլադիվոստոկի հայ համայնքի հետ հանդիպմանը հնչեցրած հայտարարություններին։

Մասնավորապես, ի թիվս գեներալիտետի հասցեին այլ մեղադրանքների, Փաշինյանը նշել էր, թե 2018 թվականից հետո իշխանությունը, «հաշվի առնելով բանակի ինստիտուցիոնալ կարևորությունը, նվազագույն կադրային միջամտություն է կատարել բանակում, հսկայական միջոցներ ծախսել բանակի վրա».

«Բայց հիմա պարզվում է, որ նույնիսկ մեր պայմաններում այդ տված միջոցները միշտ չէ, որ գնացել, հասել է այնտեղ, ուր պետք է հասնեն»,- մասնավորապես ասել էր Փաշինյանը։ Անդրադառնալով վերջինիս հայտարարության այս հատվածին, Հակոբյանն արձագանքեց․

«Բոլոր դեպքերում, ապահովման հարցերն ավելի լավ են կազմակերպվել, իսկ թե որտեղ են ծախսվել՝ չեմ կարող ասել»,- հավելեց նա՝ հրաժարվելով այլ հարցերի պատասխանել, այդ թվում և իր՝ նախկինում արված հնչեղ հայտարարությունների մասով:

Ինչո՞ւ հենց Մովսես Հակոբյանին այս հարցը տվեցինք, պատասխանը պարզ է. վերջինս առաջիններից էր, որ սկանդալային հայտարարություններ արեց Արցախյան վերջին պատերազմից անմիջապես հետո, 2020-ի նոյեմբերին: Եվ մեղադրեց Փաշինյանին:

Օրինակ, ասաց, որ Հայաստանի բոլոր անհաջողությունները սկսվել են զինված ուժերի՝ պատերազմին պատրաստվելու քայլերից, ներկայացնելով այդ սխալների մի հսկայական շղթա, որոնց մեջ հատկապես կարևորել էր այն, որ 2018-ից հետո իշխանություններն ավելացրել են օպերատիվ օղակը, կրճատել իսկական կռվողներին, ԶՈՒ-երից բանիմաց մարդկանց հեռացրել.

«Գլխավոր շտաբի և Պաշտպանության նախարարության անձանակազմի թվաքանակը ավելացրել է 95 տոկոսով, համարյա կրկնապատկվել է», - ասել էր նա:

Մովսես Հակոբյանը նաև պնդել էր, որ Հայաստանի բոլոր անհաջողությունները սկսվել են զինված ուժերի՝ պատերազմին պատրաստվելու քայլերից, սխալ մարտավարությունից…. Հակոբյանի հայտարարությունները կարող ենք թվարկել դեռ երկար: Բայց միայն հիշեցնենք, որ այս ամենից հետո նրա դեմ Ազգային անվտանգության ծառայությունը քրեական գործ հարուցեց: 

Վերջին շրջանում հետևելով Մովսես Հակոբյանի հանրային ելույթներին ու ԶԼՄ-ներին տրվող մեկնաբանություններին, կասկած է առաջ գալիս, որ ինչ-որ բան է փոխվել, որը ստիպել է Հակոբյանին ավելի զգուշավոր լինել Նիկոլ Փաշինյանի հասցեին մտքեր հնչեցնելու հարցում: Թե որն է պատճառը՝ պարզ չի, բայց այս էլ երկրորդ անգամն է վերջին տասնօրյակում, որ Մովսես Հակոբյանը MediaHub-ի հետ զրույցում կարծես պաշտպանում է Փաշինյանին, որին առաջինն են մեղադրում հայկական բանակը կազմաքանդելու մեջ, կարևոր պաշտոններից գիտակներին հեռացնելու ու բանակից կիլոմետրերով հեռու մարդկանց նշանակելու համար: Տրամադրության կտրուկ փոփոխությունը, սակայն, հայտնի չէ, բայց գուցե ենթադրելի է:

Լիաննա Թորոսյան