Շուշին` Կովկասի մարգարիտ․ գիտաժողով Ֆրանսիայում

Շուշին` Կովկասի մարգարիտ․ գիտաժողով Ֆրանսիայում

Փարիզի «Արևելյան լեզուների և քաղաքակրթությունների ազգային ինստիտուտ» (INALCO) համանուն հիմնադրամն այս օրերին նախաձեռնել է գիտաժողով՝ «Շուշին` Կովկասի մարգարիտ» (Chouchi, la perle du Caucase) խորագրով, որին հրավիրվել է  Արցախի «Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն» ՊՈԱԿ-ի  նախկին տնօրեն  Արմինե Հայրապետյանը։

Նա ներկայացրել է «Շուշիի հայկական պատմամշակութային ժառանգությունը՝ Ադրբեջանի թիրախում» թեման։

MediaHub-ը կապ է հաստատել Արմինե Հայրապետյանի հետ, վերջինս նշեց, որ գիտաժողովի նպատակն էր Արցախի պատմամշակությաին ժառանգության պահպանությունը և դրա մասին հարցերն ու խնդիրները բարձրաձայնելը։ 

«Արցախի հայաթափումից հետո, մենք կանգնել ենք լուրջ խնդրի առջև, դրա մասին շատ է խոսվել։ Հիմա, առավել քան անելիք ունենք, Արցախի հայկական հետքը պահպանելու և դա միջազգայնացնելու առումով։ Պայմանավորվածություն ենք ձեռք բերել ֆրանսիական «Հիշատակարան» կայքում ներառելու Արցախի պատմամշակութային հուշարձանների վկայագրերը։ Նրանց նպատակն է աշխարհին հասանելի դարձնել այն ժառանգությունը, որ կա Արցախում և որ այդ ժառանգությունը հայկական է»,- նշեց մեր զրուցակիցը։ 

Գիտաժողովը կազմակերպվել է մեծ զգուշավորությամբ։ Ադրբեջանցիներ չեն հրավիրվել, որպեսզի, ըստ կազմակերպիչների, «անախորժություններ ու արհեստական խոչընդոտներ չլինեն»։ 

Մեր զրուցակցի խոսքով՝ անգամ Ֆրանսիայում ապրող հայերը Շուշիի մասին պատշաճ տեղեկություններ չունեին։ 

«Ունեցածը Շուշիի պատմամշակութային ժառանգության մասին՝ հիմնականում Ղազանչեցոց ամենափրկչի և Կանաչ ժամ եկեղեցու մասին է։ Գիտաժողովի շրջանակներում ներկայացրել եմ Շուշին, ինչպես կա, իր բոլոր հայկական արժեքներով։ Այդ աշխատանքների շրջանակում, նաև դրանից դուրս ամեն ինչ արվելու է, ադրբեջանական վանդալիզմից փրկելու Արցախի հայկական հետքը»,- ասաց Հայրապետյանը։ 

Գիտաժողովին իրենց մասնակցությունն են բերել Ֆրանսիական թանգարանների գլխավոր տնօրենը,  INALCO-ի ռեկտորը, պրոֆեսորադասախոսական կազմը, ուսանողները, քաղաքական-հասարակական գործիչներ, այդ թվում՝ Ֆրանսիայի սենատի փոխնախագահը, Ֆրանսիայում ՀՀ դեսպանը։ Իսկ Եվրախորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր Ֆրանսուա Բելավին հանդես է եկել տեսաուղերձով։

Հունան Թադևոսյան