Սառույցը հալվո՞ւմ է 

Սառույցը հալվո՞ւմ է 

Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ: Նրանք քննարկել են պատերազմը Ուկրաինայում։

Ամերիկյան Washington Post-ը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնում է, որ Թրամփը հորդորել է Պուտինին չլարել իրավիճակը ուկրաինական ճակատում, ինչպես նաև հիշեցրել է Եվրոպայում ամերիկյան ռազմական ներկայության մասին։

Երկու առաջնորդների հեռախոսազրույցը, ռուս-ամերիկյան լարված հարաբերությունների ֆոնին, արդեն իսկ կարևոր իրադարձություն է և հույսեր է ծնում, որ գլոբալ հակամարտությունն իր տեղը կզիջի դիալոգին ու դիվանագիտական լուծումների փնտրմանը:

Արդյո՞ք կան նախադրյալներ, որ ուկրաինական պատերազմը մոտ ապագայում կավարտվի:
Եթե հավատանք Թրամփի նախընտրական հռետորաբանությանը, նման չափավոր լավատեսության հիմքեր արթնանում են:

Մյուս կողմից, ակնհայտ է, որ դա չի կարող տեղի ունենալ այնքան արագ, ինչքան խոստանում է Թրամփը, ու նաև դեռևս ակնհայտ չեն այն պայմանները, որոնք կարող են հանգեցնել ինստիտուցիոնալ հրադադարի Ուկրաինայում:

Թերևս, պարզ է, որ հրադադարի հաստատման համար, մի կողմից, հաշվի պետք է առնվեն ռազմական գործողությունների արդյունքները, մյուս կողմից՝ ամբողջովին չեն կարող անտեսվել Ուկրաինայի շահերը:

Արդյո՞ք Թրամփն ու Պուտինը կարող են գտնել բալանսավորված լուծումներ:

Ռուսաստան-Արևմուտք հակադրության դադարեցումը կենսական է Հայաստանի համար: Առաջին հերթին, Ռուսաստանի համար «կբեռնաթափվի» ուկրաինական ուղղությունը, և Մոսկվան ավելի մեծ հնարավորություն կունենա զբաղվել մեր տարածաշրջանով, և երկրորդ՝ Հայաստանը կարող է խուսափել աշխարհաքաղաքական կոշտ երկընտրանքի բեռից:

Սուրեն Սուրենյանց