Գիտնականները Աֆրիկայում հայտնաբերել են վարակիչ հիվանդությունների բռնկման «թեժ կետ»

Գիտնականները Աֆրիկայում հայտնաբերել են վարակիչ հիվանդությունների բռնկման «թեժ կետ»

Իսկական «թեժ կետ» է դարձել աֆրիկյան մի փոքրիկ շրջան, որտեղ գրանցվել են տարբեր տեսակի վարակների՝ ՄԻԱՎ-ի, տուբերկուլյոզի և մալարիայի բռնկումների առավելագույն թիվը։ Այս տվյալների հիման վրա գիտնականներն այժմ կոչ են անում ավելի նպատակային և հասցեական աջակցություն ցուցաբերել տեղական առողջապահությանը։ Համապատասխան հոդվածը հրապարակվել է BMJ Global Health ամսագրում։

Նոր հետազոտությունը վերաբերում է Գամբելա տարածաշրջանային կենտրոնին, որը գտնվում է արևմտյան Եթովպիայում՝ Հարավային Սուդանի սահմանի մոտ, որտեղ տարեցտարի գրանցվում է տարածաշրջանի բոլոր երեք ամենավտանգավոր վարակիչ հիվանդությունների բարձր տարածվածությունը։ Հոդվածի հեղինակ, դոկտոր Կեֆյալև Ալենը  ասել է, որ ինքը և իր գործընկերները չափազանց անհանգստացած են տարածաշրջանի վիճակով, որտեղ բոլոր երեք հիվանդությունների  ամենաշատ դեպքերն են գրանցվել:

«Մարդու իմունային անբավարարության վիրուսը (ՄԻԱՎ), տուբերկուլյոզը և մալարիան համարվում են երեք ամենալուրջ վարակիչ հիվանդություններն ամբողջ աշխարհում, և դա արտահայտվում է հիվանդացության և մահացության բարձր ցուցանիշներով, հատկապես ցածր և միջին եկամուտ ունեցող երկրներում», – բացատրել է դոկտոր Ալենը: «Մեր ուսումնասիրությունը ցույց տվեց, որ Եթովպիայի Գամբելա շրջանը, որն ունի ավելի քան 330,000 բնակչություն, դարձել է ՄԻԱՎ-ի, տուբերկուլյոզի և մալարիայի իրական օջախ: Այս տարածաշրջանում ՄԻԱՎ-ի, տուբերկուլյոզի և մալարիայի բարձր տարածվածությունը կարող է պայմանավորված լինել ոչ բավարար վարչարարությամբ, թուլացած առողջապահական համակարգով և սահմանին մոտ լինելով»:

Նոր ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ Գամբելա շրջանը բնութագրվում է առողջապահության վատ հասանելիությամբ, թույլ սոցիալ-տնտեսական ցուցանիշներով և անբարենպաստ կլիմայով՝ բարձր ջերմաստիճաններով և առատ տեղումներով: