Թուրքիայում երկրաշարժի հետևանքով հայ է զոհվել

Թուրքիայում երկրաշարժի հետևանքով հայ է զոհվել

Հաթայի մարզում շատ հայեր կան, բայց դեռ չգիտենք, թե այնտեղ զոհերի շրջանում հայեր կան, թե ոչ։ Այս մասին այսօր MediaHub.am-ի հետ զրույցում ասաց Ստամբուլի հայ համայնքի ներկայացուցիչ, երգչուհի Սիբիլ Բեքթորոսօղլուն։ 

«Իմ հայ ծանոթներից մեկի մորեղբայրը փլատակների տակ է եղել, լուր չունեն իրենից, տեղյակ չեն։ Իսքենդերունում եկեղեցին է փլուզվել։ Սամանդագում ևս վիճակը ահավոր է»,-ասաց նա։ 

Սիբիլը փոխանցեց, որ Մալաթիայի շրջանում հայ համայնքի ներկայացուցիչների բնակարաններ են փլուզվել, հայ զոհ կա։

«Էլազըղում հայեր չեն զոհվել, չնայած որ մեր ազգակիցները խուճապի մեջ են։ Կեսարայում երկրաշարժն ուժգին է եղել, սակայն Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին չի վնասվել»,-փոխանցեց նա։

Հիշեցնենք, որ փետրվարի 6-ին վաղ առավոտյան 7,8 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայում, հզոր ցնցումներ են զգացվել նաև հարևան Սիրիայում։

Նախնական տվյալներով՝ Սիրիայում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 237-ի, իսկ Թուրքիայում զոհերի թիվը գերազանցել է 300-ը։

MediaHub-ին Սիրիայի հայ համայնքից հայտնեցին, որ Հալեպում զոհերի շրջանում ևս հայեր կան։

Լիաննա Թորոսյան