Պատմության ուսուցչուհին կշարունակի՞ աշխատանքը դպրոցում․ նախարարի արձագանքը

Պատմության ուսուցչուհին կշարունակի՞ աշխատանքը դպրոցում․ նախարարի արձագանքը

Այստեղ գործ ունենք բազմաշերտ և տարբեր բաղադրիչներ ունեցող պրոցեսի հետ։ Երբ նման դեպքեր են լինում, դա երբեք մի օրվա, մի միջադեպի դրսևորում չի։

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ անդրադառնալով Մերձավանի դպրոցում տեղի ունեցած միջադեպին՝ կապված պատմության ուսուցչուհի Ռոզա Դավթյանի հետ։

«Սա վկայում է այն մասին, որ դպրոցում եղել են խնդիրներ, որոնք այդ օրը արտացոլվել են այդ ձևաչափով։ Այսօր մեր խնդիրն է հասկանալ՝ ինչու և ինչպես է տեղի ունեցել, որ նման իրավիճակը հնարավոր է դարձել։ Նման իրավիճակը հնարավոր է դառնում, երբ ժամանակին ճիշտ չեն արձագանքում նման խնդիրներին»։

Նախարարը հայտնեց, որ պետք է որոշում կայացնեն տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի հետ կապված հարցում․ «Նշանակումը պետք է արվի մարզպետի կողմից, բայց մենք համատեղ քննարկում ենք հարցը»։

Անդրադառնալով պատմության ուսուցչուհուն՝ Անդրեասյանը նշեց․ «Ես կարծում եմ, որ որևէ ուսուցիչ չպետք է իր աշխատանքի շարունակությունը չապահովվի միայն այն պատճառով, որ իրեն թիրախավորում են։ Այս դեպքը այս ձևաչափով պետք է բացառվի»։