«Էն էլ ոնց են կրակել»․ մինչ Փաշինյանը Ալիևի հետ է հանդիպում, Ադրբեջանը շարունակում է կրակել Սյունիքի ուղղությամբ

«Էն էլ ոնց են կրակել»․ մինչ Փաշինյանը Ալիևի հետ է հանդիպում, Ադրբեջանը շարունակում է կրակել Սյունիքի ուղղությամբ

Մինչ Նիկոլ Փաշինյանը Ալբանիայում հանդիպում է ունենում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, ինչպես նաև ոտքի վրա խոսակցություն ունենում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, MediaHub-ին ահազանգում է Խոզնավարի բնակիչը, որ այս գիշեր կրկին Ադրբեջանական ԶՈՒ–ն կրակել է Սյունիքի գյուղերի ուղղությամբ։

«Էն էլ ոնց են կրակել այս գիշեր, շատ կրակելը դե հարաբերական է, բայց «գոհ ենք»։  Կրակոցները սկսվեցին 22:12–ի սահմաններում, պարբերաբար կրակոցները լսեցի և՛ 00:00-ին, և՛  2։00-ի սահմաններում։ Այս մի քանի օրվա ընթացքում այնքան շատ են կրակել, տանիքներին անընդհատ փամփուշտների հետքեր են առաջանում։ Ամեն օր էլ նույնն է, ժամը 22:10-ից սկսվում է մինչև առավոտվա 4–ը»,– նշեց Խոզնավարի բնակիչը։

Ըստ Խոզնավարի բնակչի՝ ոչ մեկին հետաքրքիր չէ, թե ինչ է կատարվում սահմանամերձ գյուղերում, որ «ամեն օր էլ կրակում են, ո՛չ բարձրաձայնում են, ո՛չ էլ քայլեր ձեռնարկում»։

«Խնածախում ապրող իմ ծանոթները սպասում են, որ ամառը գա, դպրոցը վերջանա, տեղափոխվեն գյուղից, չեն ուզում կրակոցների ֆոնին ապրեն, երեխաներին մեծացնեն։ Մեր գյուղում դեռ չեն տեղափոխվում, դեռ այդպիսի խոսակցություն չկա, բայց դե բոլորս էլ անհանգիստ ենք, չգիտենք՝ երբ են վերջանալու այս կրակոցները»,– նշեց բնակիչը։

Մինչ Փաշինյանը ջերմ զրույց է ունենում Ալիևի հետ մի սեղանի շուրջ, Էրդողանին բարեհամբույր բարևում և խոսակցություն ունենում, Փաշինյանը մոռանում է, որ ամեն օր սահմանամերձ գյուղերի ուղղությամբ Բաքուն կրակ է բացում և հայ-ադրբեջանական սահմանը շարունակում է լարված մնալ։

Չնայած այն բանի, որ հայկական կողմն առաջարկել է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել, մինչև օրս ադրբեջանական կողմից չեն արձագանքել։ Սյունիքի մարզի սահմանամերձ գյուղերում մարդիկ գիշերը լուսացնում են ադրբեջանական կրակի ուղեկցությամբ։

Մարիաննա Արամյան