Փաշինյանը պաշտոնապես մեկնարկեց ընդդիմության «ոչնչացման» գործընթացը, ինչն էլ կդառնա իր շիրմաքարը

Այսօր ՔՊ-ական ոմն Արթուր Հովհաննիսյան, որի մոլուցքը հոխորտալն է ու ականջ կտրելու սպառնալիքը, խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ հայտարարեց, որ այո՛, վենդետա լինելու է ու ընդդիմությունը քաղաքականապես դադարելու է գոյություն ունենալ։ Ակնհայտ է, որ այս սպառնալիքը հնչեցվում է Նիկոլ Փաշինյանի կողմից, ու այն տրամաբանական շարունակությունն է այն հոգեխանգարման դրսևորումների, որը օրեր առաջ խորհրդարանում ունեցավ Փաշինյանը։
Բացի այդ, սույն հայտարարությունը ոչ միայն սպառնալիք է, այլև գործընթացի մեկնարկ, հրահանգ՝ իրավապահ մարմիններին: Վստահաբար կարելի է ասել, որ մոտ ապագայում մենք ականատես ենք լինելու հարյուրավոր շինծու քրեական գործերի հարուցման ու կալանքի վճիռների։ Չի բացառվում նաև ֆիզիկական հաշվեհարդարը, քանի որ Նիկոլ Փաշինյանը վաղուց է ապացուցել, որ հանուն իր իշխանության պահպանման չի խորշի ոչ մի քայլից։ Եթե մի մարդ ունակ է զոհել 5000 երիտասարդի, միայն հանուն նրա, որ իրեն դավաճան չասեն, ապա այդ մարդը իրականում չունի ոչ մի սրբություն, ոչ մի արժեհամակարգ, ոչ մի կարմիր գիծ:
Այլևս դեն են նետված բոլոր դիմակները՝ «ժողովրդավարություն», «մարդու իրավունքներ», «խոսքի ազատություն»…դրանք բոլորը ժամկետնանց գործիքներ են Նիկոլ Փաշինյանի համար, քանի որ նա գտնվում է քաղաքական մահվան եզրին, իսկ հայտնի խոսքն ասում է՝ «Մեռնելիս չեն խռխռում»։ Իրականում Փաշինյանը չի կարողանում ընկալել, որ իր համար սպառված են բոլոր ռեսուրսները, նա չունի ներքին ու արտաքին քաղաքական օրակարգ, չունի հանրային աջակցություն, չունի միջազգային վստահություն: Նա չի կարողանում գիտակցել, որ օրեր առաջ Ազգային ժողովում դրվեց իր քաղաքական շիրմաքարը:
Սակայն Նիկոլ Փաշինյանի դանդաղ «մահվան» մեջ մեղքի իր բաժինն ունի նաև ընդդիմությունը: Երբ պատերից ծեփելու ու ասֆալտին փռելու հայտարարությունից հետո ծեփվեր հենց այդ խոսքերի հեղինակը, երբ վնգստացող դատավորներ ասելու հենց հաջորդ օրը նման միտք արտաբերողն ինքը վնգստար դատարանում…ապա այսօր ոմն մանկամիտ չէր համարձակվի Նիկոլ Փաշինյանի անունից մատ թափ տալ ընդդիմության վրա՝ս սարսափով մտածելով սեփական ականջներից չզրկվելու մասին։
Կարեն Կարապետյան