Ի՞նչ ավանդական արժեքների են նախապատվություն տալիս երիտասարդները․ կլոր-սեղան քննարկում

Այսօր Երևանում տեղի է ունեցել «Ավանդական արժեքների եվրասիական ընկալումներ․ հայկական դիտանկյուն» թեմայով կլոր-սեղան քննարկումը։
Հետազոտական նախագիծն իրականացվել է միջազգային համագործակցության և զարգացման «Եվրասիա» կազմակերպության աջակցությամբ։
Քննարկման ընթացքում հետազոտական խմբի ղեկավար պրոֆեսոր Խաչիկ Գալստյանը ներկայացրեց 2025թ․ փետրվար-մայիս ամիսներին ՀՀ-ում իրականացված փորձագիտական և երիտասարդական հարցումների արդյունքները։ Հարցմանն ընդհանուր առմամբ մասնակցել են 10 մասնագիտական ոլորտ ներկայացնող 30 փորձագետներ և 731 երիտասարդներ։ Դաշտային աշխատանքներ ու ֆոկուս-խմբային քննարկումներ են իրականացվել նաև ՀՀ Շիրակի և Լոռու մարզերում։
Հետազոտության նպատակն էր բացահայտել հայ հասարակության (երիտասարդության) ավանդական արժեքային գերակայությունները, ինչպես նաև վեր հանել ԵԱՏՄ անդամ պետությունների արժեքային ընդհանրությունները։
Հայկական ավանդական արժեքների վերաբերյալ փորձագիտական և երիտասարդական գնահատականներում էակական տարբերություններ չեն նկատվում։ Ընտանիքը, հավատքը և հայրենիքը/պետությունը կազմում են ավանդական արժեքների եռյակը։ Բացի վերոնշյալից ավանդական արժեքներից կարևորվում են նաև ընկերները, կրթությունը, պատմական հիշողությունը, ազգային մշակույթը, հարգանքը մեծերի նկատմամբ և հայրենասիրությունը։ Երիտասարդական ընկալումներում տեղ են գտել նաև սերը, պատիվ/ արժանապաատվությունը որպես ավանդական արժեքներ։
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏՆԵՐ և ԱՎԱՆԴԱԿԱՆ ԱՐԺԵՔՆԵՐ
Ավանդական արժեքների պահպանման գործում փորձագետները կարևորում են ընտանիքի (96,4%), կրթական համակարգի (64,2%) և եկեղեցու (57,1%) դերակատարումը, երիտասարդները նախապատվությունը տսլիս են եկեղեցուն (58,1%), դպրոցին (56%) և ընտանիքին (54%):
Ավանդական արժեքների պահպանման գործում պետական կառույցների աշխատանքը խիստ բացասական են գնահատում փորձագետների 42,8%-ը, իսկ երիտասարդների՝ 50,8%-ը։ Բացասական է գնահատվում նաև ԶԼՄ-ների կողմից կատարված աշխատանքները։ Համապատասխանաբար փորձագետների 39,2 %-ը և երիտասարդների 47,8%-ը դժգոհ են ԶԼՄ-ների կողմից գեներացվող բովանդակությունից, որոնք ավանդական արժեքների պահպանման տեսանկյունից նեգատիվ կոնտենտ են թողարկում։
Ավանդական արժեքների պահպանման հիմնական խոչընդոտների շարքում փորձագետներն առանձնացնում են գլոբալիզացիան(26%), ՀՀ կառավարության վարած քաղաքականությունը (15%), դպրոցական ծրագրերի թերացումն (13%) ու համացանցը (11%): Երիտասարդների պատկերացումներում ավանդական արժեքների պահպանման գործում հիմնական խոչընդոտ են հանդիսանում սեփական երկիրը չճանաչելը (14%), կառավարության սխալ քաղաքականությունը (13%), ընտանեկան սխալ դաստիարակությունը (13%) և դպրոցական դասագրքերի թերացումը (13%):
ԵԱՏՄ ԵՐԿՐՆԵՐԻ ԱՐԺԵՔԱՅԻՆ ԸՆԴՀԱՆՐՈՒԹՈՒՆՆԵՐԸ
Հետազոտությունը պարզել է նաև, թե արժեքային ի՞նչ ընդհանրություններ ունեն եվրասիական տարածքի երկրներն ու ո՞ր արժեքները կարող են հիմք ծառայել եվրասիական ինքնության ու արժեհամակարգի ձևավորման համար։
Եթե փորձագետների 46,6%-ը համարում է ԵԱՏՄ-ն զուտ տնտեաական շահերի հիման վրա ձևավորված միավորում, ապա երիտասարդների միայն 7%-ն է տնտեսական շահը դիտարկում որպես միավորող գործոն։ Երիտասարդները ԵԱՏՄ երկրների արժեքային ընդհանրությունների հիմքում տեսնում են ընտանեկան արժեքները (37%), կրոնական գործոնը (24,8%) և ընդհանուր պատմությունը։
Ըստ փորձագիտական և երիտասարդական գնահատումների, ԵԱՏՄ երկրներին և ժողովուրդներին միավորող արժեքներ են նաև մշակութային/մենթալ ընդհանրությունները, հյուրընկալության ավանդույթները, հարգանքը, կրթության նկատմամբ վերաբերմունքը, հայրենիքը, լեզվական միջավայրն ու հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակը։
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԻՆՍՏԻՏՈՒՏՆԵՐ ԵՎ ԱՎԱՆԴԱԿԱՆ ԱՐԺԵՔՆԵՐ
Հետազոտության շրջանակներում մասնագետներն ու երիտասարդները գնահատել են միջազգային կառույցների դերակատարումը ավանդական արժեքների պահպանման ուղղությամբ։
Փորձագիտական գնահատականներով, ազգային, ավանդական արժեքների պահպանման գոործում առավել նպաստավոր կառույցներ են դիտարկվում ԵԱՏՄ-ն (32%), ԱՊՀ-ն (21%) և ՀԱՊԿ-ն (19%): Առավել ցածր վարկանիշ ունեն ՆԱՏՕ-ն (0%), ԵԱՀԿ-ն (2%) և ԵՄ-ն (2%):
Երիտասարդները ավանդական արժեքների պահպանման գործում նախապատվությունը տալիս են ՄԱԿ-ին (27%), ԵԱՏՄ-ին (14%) և ԱՊՀ-ին (14%)։ Եվրոպական/արևմտյան կառույցները ավելի դրական են ընկալվում երիտասարդների համար։ Հարցվածների 13%-ը կարևորում է ՆԱՏՕ-ի, 8%-ը՝ ԵՄ դերակատարումը ավանդական արժեքների պահպանման ուղղությամբ։
ԵՎՐՈՊԱԿԱՆ VS ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ԱՐԺԵՔՆԵՐ․ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԱՐԴԻԱԿԱՆԻ ԵՎ ԱՎԱՆԴԱԿԱՆԻ ԽԱՉՄԵՐՈՒԿՈՒՄ
Ըստ արժեքների համաշխարհային սանդղակի հետազոտական խումբը առանձնացրել է 15 աշխարհիկ և ավանդական արժեքներ, որոնք փորձագետները և հարցմանը մասնակցած երիտասարդները դասակարգել են ըստ եվրոպական և եվրասիական արժեքային ընկալումների։ Մասնագիտական և երիտասարդական շրջանակներում այս հարցում առկա է միակարծություն․ եվրոպական արժեհամակարգին ավելի բնորոշ են աշխարհիկ համարվող այնպիսի արժեքներ, ինչպիսիք են ԼԳԲՏ (24%), մարդու իրավունքները (21%), գենդերային հավասարությունը (21%), ինդիվիդուլիզմն (13%) ու ազատությունը (12%): Մինչդեռ եվրասիական արժեքները հստակ տեղաբաշխվում են ավանդական արժեքների միջակայքում, որտեղ նախապատվությունը տրվում է ընտանեկան արժեքներին (31%), հավատքին (24%), ծնողներին (16%) և հյուրընկալության ավանդույթներին (10%)։
Ինչպես երևում է հետազոտության արդյունքներից, հայկական փորձագիտական և երիտասարդական աշխարընկալումներում եվրոպական ինքնության հիմքում ընկած են աշխարհիկ, իսկ եվրասիականի հիմքում՝ ավանդական արժեքները։
Հայաստանը և՛ աշխարհագրորեն, և՛ պատմականորեն և՛ մշակութապես գտնվել է Արևմուտքի (եվրոպական ինքնություն) և Արևելքի (ասիական ինքնություն) քաղաքակրթությունների հատման խաչմերուկում, հազարամյակների ընթացքում իր վրա կրելով երկուսի քաղաքակրթական կնիքը։
Այս դիխոոմիան դրսևորվում է նաև երիտասարդների պատասխաններում, երբ հարց է տրվում, թե ինչպիսի հատկանիշներ կցանկանայիք տեսնել ձեր երեխաների մոտ։ Տոկոսային առումով ամենաշատ պատասխաններից երկուսը կարելի է համարել տիպիկ ավանդական (եվրասիական), երկուսը՝ աշխարհիկ (եվրոպական) բնավորության գծեր։ Այսպես, հարցվածների 78%-ը իրենց ապագա երեխաների բնավորության գծերից նշում է հայրենասիրությունը, 68,8%-ը՝ հարգանքը, որոնք ավանդական արժեհամակարգի մաս են կազմում, իսկ մյուս երկու պատասխանները՝ նպատակասլացությունը (59,6%) և ինքնադրսևորումը (43,3%) ավելի բնորոշ են ժամանակակից (եվրոպական) մենթալիտետին։ Հայ երիտասարդները կարևորում են նաև կրոնի և հավատքի դերը իրենց երեխաների դաստիարակության գործում (41,3%):
Ստացվում է, որ ապագայի հայի տեսլականը կառուցվելու է հայրենասիրության, նպատակասլացության, հարգանքի ու ինքնադրսևորման յուրօրինակ խառնարանում, եվրասիական ու եվրոպական ինքնությունների փոխներթափանցման ու միահյուսման արդյունքում։