Պաշտոններ քվեարկությունների դիմա՞ց, ՔՊ-ականը նույն օրը 2 բնակարան է գնել. Մամուլը՝ սուրճով

«Փաստ» օրաթերթը գրում է
Վերջին օրերին Արցախում ու Հայաստանում մի շարք ակցիաներ են իրականացվում շրջափակումը դադարեցնելու կոչերով, հնչում են տարբեր հայտարարություններ: Այս ամենի հետ կապված տարաբնույթ կարծիքներ կան, այդ թվում՝ հասցեականության առումով: Արցախի Հանրապետության «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը «Փաստի» հետ զրույցում ասում է. «Խորին հարգանքներս մեր հայրենակիցներին, ովքեր մասնակից են բոլոր միջոցառումներին, որոնք այս օրերին տեղի են ունենում Հայաստանի Հանրապետությունում»։
Պատգամավորը հիշեցրեց իր ֆեյսբուքյան գրառումը, ուր նշել էր, թե անգամ շնորհակալություն չի պատրաստվում հայտնել, որովհետև ցավը բոլորինս է։ «Այդուհանդերձ, այս օրերի ընթացքին հետևելով՝ հուսով էի, որ, ի վերջո, նրանց մեջ կգտնվեն մարդիկ, ովքեր կգիտակցեն, որ առանց հասցեականության և առանց ՀՀ կառավարության առաջ պահանջ ներկայացնելու այդ ամենը որևէ արդյունք չի տալու։ Այս ամենը, ցավոք, իշխանությունների կազմակերպածն է։ Այն իշխանությունը, որը վախենում է Նիկոլ Փաշինյանից, այդկերպ նաև ժողովրդին է փորձելու ուղղորդել»,-ընդգծեց Հակոբյանը։
Մետաքսե Հակոբյանը, միևնույն ժամանակ, հուսով է, որ հենց ժողովրդի մեջ կլինեն սթափ ուժեր, որոնք կգիտակցեն պահի լրջությունը. «Եթե իրականում ինչ-որ բան փոխելու նպատակ կա, պետք է պահանջները հասցեական լինեն։ Այն կոչերը, թե «ակցիաները քաղաքական չեն», մեղմ ասած, ծիծաղ են առաջացնում, քանի որ դրությունը, որում մենք այսօր գտնվում ենք, հենց քաղաքական է։ Ոչ քաղաքական լուծումներն ի սկզբանե որևէ արդյունք չեն տալու։ Չեմ կարծում, որ այս տապին նաև հավատով ակցիաների եկած մարդկանց այդպես տգեղ ձևով օգտագործելը ճիշտ է»:
«Հրապարակ օրաթերթը» գրում է․
Այսօր՝ հուլիսի 25-ին, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի ծննդյան օրն է: Նա իր 47-ամյակը դիմավորելու է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում։ ՀՀԿ-ական պատգամավոր Հայկ Մամիջանյանին երեկ հարցրինք, թե ինչպես են պատրաստվում նշել Աշոտյանի ծննդյան օրը։ Նշենք, որ այսօր Նիկոլ Փաշինյանն ասուլիս է տալու:
«Կապված քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի ծննդյան օրվա հետ, երեւի ինքներդ էլ գիտեք, սկսած անօրեն բանտարկությունից` բազմաթիվ ակցիաներ են տեղի ունեցել, դրանք կշարունակվեն նաեւ վաղը՝ որոշակի այլ շեշտադրումներով, բայց ժամանակից առաջ չանցնենք, վաղը մեր քաղաքացիները դա կտեսնեն։ Արմեն Աշոտյանին բանտարկելու թիվ մեկ նպատակն իրեն լռեցնելն էր, բայց, ինչպես տեսնում եք, իր ձայնը լսելի է նաեւ կալանավայրից եւ, ամենակարեւորը` սպասելի է մարդկանց համար։
Վստահ եմ, որ մարդիկ շատ ավելի շատ կսպասեն պարոն Աշոտյանի՝ ասուլիսից հետո ավանդական դարձած ստերի բացահայտմանը կամ, ինչպես Աշոտյանն է ասում, հերձմանը, այլ ոչ թե թիվ մեկ ստախոսի ստի հերթական չափաբաժնին»,- ասաց Մամիջանյանը։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Տրդատ Սարգսյանը 2021 թվականին երկու բնակարան է գնել եւ մեկ ավտոկայանատեղի։ ՔՊ-ական այս պատգամավորի գործերն էլ են լավ: Նշենք, որ երկու բնակարաններն էլ գնվել են նույն օրը՝ փետրվարի 11-ին, իսկ կայանատեղին գնվել է մի քանի օր անց՝ փետրվարի 15-ին։
Բացի այդ, նա Ավանում եւս մեկ բնակարան ունի, որը նա գնել էր դեռ 2017 թվականին, եւ Եղեգնաձոր քաղաքում ունի հողամաս։ Արդեն 2022 թվականի ապրիլի 25-ին նա գնել է 2021 թվականի արտադրության Wolkswagen մակնիշի ավտոմեքենա։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՔՊ-ական պատգամավորն այդ ավտոմեքենան գնել է 17 մլն 860 հազար դրամով «Էլեկտրական մեքենաների էվոլուցիոն ընկերություն» ՍՊԸ-ից։
Բանկային հաշիվներին տարվա վերջում նա ունեցել է 1500 եվրո, 18 հազար դոլար եւ 1 մլն 300 հազար դրամից ավելի գումար։ Իսկ, ահա, նրա կանխիկ դրամը կազմել է 7 մլն 195 հազար դրամ, 253 հազար ռուբլի, 4 մլն 468 հազար դրամ, 7 400 դոլար, 8560 եվրո։ Մեկ տարվա ընթացքում նա 51 մլն դրամ է վաստակել, որից 7 մլն դրամը նրա աշխատավարձն է, 73 000 եվրոյի եւ 23 մլն դրամ եկամուտի աղբյուրները նշված չեն, իսկ 6 մլն դրամ էլ ստացել է գույքը օտարելուց։ Խոսքն ավտոկայանատեղիի մասին է, որը նա վաճառել է։
Հիշեցնենք, որ Տրդատ Սարգսյանը նախկինում Վայոց ձորի մարզպետն էր եւ ազատվել էր աշխատանքից մի աղմկահարույց պատմությունից հետո։ Մասնավորապես, Տրդատ Սարգսյանը հրաժարական էր ներկայացրել Վայոց ձորի մարզպետի պաշտոնից փոխգնդապետ Արա Մխիթարյանին դաժան ծեծի ենթարկելու միջադեպից հետո:
Փոխգնդապետի հարազատները պնդում են, որ նա ներկա է եղել միջադեպին եւ չի դադարեցրել ծեծկռտուքը:
«Փաստ» օրաթերթը գրում է
Հուլիսի 3-ին Բարձրագույն դատական խորհուրդը, ըստ իրավաբանական հանրության գերակշիռ մեծամասնության՝ Սահմանադրության և օրենքների կոպիտ ոտնահարմամբ, դադարեցրեց Վճռաբեկ դատարանի դատավորներ Արտակ Բարսեղյանի և Տիգրան Պետրոսյանի լիազորությունները, ինչի արդյունքում Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատում առաջացավ դատավորի երկու թափուր հաստիք: Երեկ լրացավ այդ հաստիքները համալրելու համար փաստաթղթերը Դատական դեպարտամենտ ներկայացնելու վերջնաժամկետը, և, մեր տեղեկություններով, այդ թափուր հաստիքները զբաղեցնելու համար, ի թիվս այլոց, փաստաթղթեր են ներկայացրել նաև ԲԴԽ անդամներ Վիգեն Քոչարյանը և Նաիրա Հովսեփյանը:
ԲԴԽ այս երկու անդամները կողմ են քվեարկել ոչ միայն դատավորների լիազորությունների դադարեցման՝ հուլիսի 3-ի, այլև Կարեն Անդրեասյանի՝ որպես ԲԴԽ նախագահ, պաշտոնավարման ժամանակահատվածում ԲԴԽ բոլոր որոշումներին, այսինքն՝ հլու-հնազանդ կատարել են Անդրեասյանի բոլոր ցուցումները: Եվ ահա, ինչպես խոսում են դատական համակարգում, Անդրեասյանը որոշել է պարգևատրել նրանց՝ նշանակելով Վճռաբեկ դատարանի դատավորի պաշտոնում:
Փաստորեն, ստացվում է, որ քվեարկելով Արտակ Բարսեղյանի և Տիգրան Պետրոսյանի լիազորությունների դադարեցման օգտին՝ Վիգեն Քոչարյանը և Նաիրա Հովսեփյանը Վճռաբեկ դատարանում ստեղծում էին այն թափուր պաշտոնները, որոնք հենց իրենք էին հավակնում զբաղեցնել: Մեզ հետ զրույցում մի քանի իրավաբաններ նշում էին, որ այս հանգամանքը պետք է որ գրավի Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ուշադրությունը:
«Իրավունք» թերթը գրում է.
«Գելափ ինթերնեյշնել ասոցիացիա»-ի հայաստանյան գրասենյակի վերջին սոցհարցումները բավականին ուշագրավ արդյունքներ են ցույ ցտվել: «Գելափ»-ն անդրադարձել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի կալանավորմանը եւ հարցին, թե արդյոք նա գտնվում է անազատության մեջ իշխանությանը, հատկապես Նիկոլ Փաշինյանին ակտիվ քննադատելու հետեւանքով, հարցվածների 26 տոկոսը դժվարացել է պատասխանել: Իսկ 24.2 տոկոսը միանշանակ «այո» է պատասխանել, իսկ ահա «ավելի շուտ` այո» է պատասխանել 17.1%-ը:
Ըստ էության, սոցիոլոգիան պայթեցնում է իշխանության տարածած միֆը Արմեն Աշոտյանի մերժված լինելու մասին, ավելին` փաստացի մեծամասնության կարծիքով` նա քաղբանտարկյալ է»: