Սամվել Բաբայանը չի հանձնվում, Փաշինյանը կայցելի Վարդենիս, Արսեն Թորոսյանն աշխատանք է փնտրում. Մամուլը՝ սուրճով

«Հրապարակ» թերթը գրում է.
«Արցախի ԱԽ նախկին քարտուղար Սամվել Բաբայանը տեւական ընդմիջումից հետո վերսկսել է հանդիպումները: Ամիսներ առաջ հանրահավաքի անհաջող փորձից հետո նոր մոբիլիզացիա է նա նախապատրաստում՝ հույս ունենալով իշխանությունը վերցնել։ Զուգահեռ հանդիպումներ է ունենում իշխանական շրջանակների հետ՝ նրանց միջոցով Արայիկ Հարությունյանին փոխանցելով, որ պատրաստ է այս իրավիճակում էլ պետնախարարի պաշտոնը զբաղեցնել եւ ժողովրդին համոզել, որ ճիշտն Ադրբեջանի առաջարկն ընդունելն է՝ Աղդամի ճանապարհով ադրբեջանցիների հետ առեւտուր անելը: Մի բան, ինչին Արցախում գրեթե բոլորը դեմ են։
Մեզ պատմեցին, որ Բաբայանի անիրատեսական ծրագրերը դարձել են ասելիք, այն, որ նա բոլորին համոզում է, որ կարճ ժամանակում կարելի է հզորանալ, վերականգնել բանակը, եթե ինքը գա իշխանության»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
Երեկ Հակակոռուպցիոն դատարանում քննարկվում էր ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի միջնորդությունը՝ ԱԺ քննիչ հանձնաժողով ներկայանալու մասին:
«Ժողովուրդ» օրաթերթին այդ դռնփակ նիստից մանրամասներ են հայտնի դարձել: Մասնավորապես, պարզեցինք, որ միջնորդությունը անձամբ դատարանում ներկայացրել է ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանը եւ պահանջել, որ իրեն առանց ձեռնաշղթաների կամ ԱԱԾ ուղեկցող խմբի դատարանը թույլ տա ԱԱԾ մեկուսարանից դուրս գալ եւ գնալ Ազգային ժողով, ինչը սովորաբար կիրառվում է կարճատեւ այցերի ժամանակ։
Դատավոր Վահե Դոլմազյանը նմանօրինակ դեպքերի համար ասել է, թե կալանավորին ԱԺ քննիչ հանձնաժողով ինչ կարգով պետք է թույլ տալ ներկայանալու. համապատասխան ընթացակարգ չկա:
Բայց, չնայած դրան, այսօր Հակակոռուպցիոն դատարանը կհրապարակի նախկին նախարարին ԱԺ մտնելու թույլտվություն շնորհելու մասին որոշումը։
Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր՝ Հակակոռուպցիոն դատարանը, ամենայն հավանականությամբ, թույլ կտա ՀՀ նախկին ՊՆ Դավիթ Տոնոյանին ԱԱԾ մեկուսարանից գնալ ԱԺ քննիչ հանձնաժողով եւ իր տեսածն ու լսածը հայտնել քննիչ հանձնաժողովին։
Բանն այն է, որ քաղաքական իշխանությունները բացատրել են դատարանին, որ քննիչ հանձնաժողովում քննվում է պետության համար կարեւորագույն հարց, ու թեեւ նախադեպ չկա, ամեն դեպքում, Դավիթ Տոնոյանի ցանկացած խոսքը կարող է լինել նոր քննության առարկա, եւ նրա ներկայանալը հանձնաժողով խիստ անհրաժեշտ է։
«Հրապարակ» թերթը գրում է.
«Ուրբաթ օրը՝ հուլիսի 28-ին, սպասվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Վարդենիս։ Այցի օրակարգը վարդենիսցիներին հայտնի չէ։ Հայտնի է միայն, որ նա այցելելու է Սոթք։ Արդեն նախապատրաստական անվտանգային աշխատանքներ են անցկացվում` տհաճ անակնկալները բացառելու համար։
Մեր աղբյուրը հայտնում է, որ նախապես հավաքում են ու գրանցում ՔՊ-ին հավատարիմ անձանց անձնագրերը, որ միայն այդ անձինք կարողանան ճեղքել պաշտպանական գիծն ու մոտենալ երկրի ղեկավարին: Որ հանկարծ ինչ-որ մեկը չգա ու զոնտիկով անսպասելի խփի կամ ասի՝ «դավաճան»։ Վարչապետի մամուլի խոսնակ Նազենի Բաղդասարյանին հարցրինք այցի մասին, ասաց, որ տեղյակ չէ։ Լինելո՞ւ է նման այց, անվտանգության միջոցառումներն արդեն սկսվա՞ծ են՝ հարցրինք խոսնակին։ «Չի բացառվում, սակայն իմ կոմպետենցիան չէ, որ ես տեղեկացված լինեմ»,- ասաց նա»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․
Բազմիցս գրվել է, որ նախկին նախարար Արսեն Թորոսյանի ու թիմակիցների շփումները դարձել են խիստ ձեւական եւ սառը: Շատերը նույնիսկ խուսափում են աշխատանքային կապեր պահպանել վերջինիս հետ՝ վախենալով, որ այն կարող է վատ հետեւանքներ ունենալ իրենց համար:
Իշխանության վերին էշելոններում համառորեն լուրեր են պտտվում, որ առկա են որոշակի տեղեկություններ, համաձայն որոնց՝ Թորոսյանի՝ նախարար աշխատած ժամանակ, ամենայն հավանականությամբ, covid 19-ի ֆինանսական հոսքերից բավական պատկառելի գումար է մսխվել, ապա դրա զգալի մասը դուրս է բերվել երկրից՝ ներդրվելով առողջապահական բիզնեսում: Մեզ փոխանցեցին, որ Թորոսյանի նախկին տեղակալի՝ Գեւորգ Սիմոնյանի կալանավորումը եւ Քովիդի գործով ուժայինների ակտիվությունը հենց այս գործի շրջանակներում էր: Թե որքանով են տվյալ լուրերը հավաստի, ու թե ինչքանով է Թորոսյանն ուղղակի կամ անուղղակի առնչվում այս ամենին, դժվար է ասել: Արսեն Թորոսյանի հետ ժամանակին մտերմիկ հարաբերություններ ունեցած անձանցից մեկը մեզ փոխանցեց, որ նրա երազանքն է լքել երկիրը ու աշխատանքի անցնել Առողջապահության համաշխարհային կազմակերպությունում:
Ըստ նույն աղբյուրի՝ Թորոսյանը հիմա ամեն ինչ անում է, որ դուր գա ԱՀԿ-ի բարձր ղեկավարությանը, նույնիսկ իր քայլերը տարբեր ճանապարհներով փորձում է հասցնել ԱՀԿ գլխադասային գրասենյակ. չի բացառվում, որ նրա քայլերը նույնիսկ ուղղորդված են դրսից: Ըստ այդմ՝ ստացվում է, որ, հանուն սեփական կարիերայի կամ սեփական անվտանգության ապահովման, Թորոսյանը կարող է անել քայլեր, որոնք չեն բխում ՀՀ շահերից: Իսկ թե որտեղ կհայտնվի Թորոսյանը եւ երբ, ցույց կտա ժամանակը:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկությունը ճշտելու համար փորձեց կապ հաստատել Արսեն Թորոսյանի հետ, սակայն մեր բազմաթիվ զանգերն այդպես էլ անպատասխան մնացին: