Ներքին զգացողությունս հուշում էր, որ անընդհատ հետաձգված հարսանիքս չի կայանա...

«Պետք է ամուսնանայինք։ Ժամանակ առ ժամանակ հետաձգվում էր, քանի որ բլոկադայի պատճառով ինձ հարազատ մարդիկ գտնվում էին բարիկադի հակառակ կողմում, իսկ ես ու ընտրյալս անընդհատ սպասում էինք որ ճանապարհը բացվի, ամուսնանանք». MediaHub-ի հետ զրույցում Տաթևիկը խոսում է ծանր պահին կայացրած որոշման, չկայացած հարսանիքի, Արցախի կորստի մասին։
Որոշում են սեպտեմբերի 23-ին ամուսնանալ. կազմակերպչական աշխատանքներում բավականին դժվարությունների են հանդիպել, սնունդը հայթայթել։ Սեպտեմբերի 15-ին հերթական անգամ Հրանտն ու Տաթևիկը ոտքով իջնում են հանդիսությունների սրահ, վերջնական աշխատանքները կազմակերպելու նպատակով, բայց ստացված զանգը փոխում է ամեն ինչ։
«Հրանտը զինվորական է, սպա, զանգեցին ու ասացին` «տագնապով պետք է ներկայանաք զորամաս»։ Ու իմ ներքին զգացողությունը հուշում էր, որ հետաձգված հարսանիքս չի կայանա»,- ասում է Տաթևիկը։
Հրանտն անընդհատ հանգստացնում էր Տաթևին, թե «զինվորականի ապագա կին ես, ուստի, պիտի պատրաստ լինես ցանկացած ֆորսմաժորային վիճակի», թեպետ Տաթևն էլ դատական համակարգի աշխատակից էր։ Նախաամուսնական տրամադրությամբ Տաթևիկը սեպտեմբերի 19-ին նախանշում է մի քանի անելիք․ առանց Հրանտի լուծել տարոսիկների, դաշտային ծաղիկներից պատրաստված փնջեր պատվիրելու ու հարսանեկան սանրվածքը որոշելու հարցը։
«Ճանապարհին տեսա զինվորականների շարժը, լուրեր էին պտտվում, որ թշնամին նախահարձակ գործողություններ է սկսել Հարավ գյուղի ուղղությամբ, քաղաքում խուճապ կար։ Հակառակ իմ հորդորների, ընկերուհիս ուզում էր համոզել, որ ամեն դեպքում գնանք գեղեցկության սրահ, ասացի՝ «չէ՛, շատ անհանգիստ եմ»։ Վերադարձանք աշխատավայր ու մի քանի րոպեից սկսվեց պատերազմը»։
Տաթևիկն ասում է, որ տեսարանը երբեք չի մոռանա, թե ինչ էր կատարվում ապաստարանում․ լացող կանայք, որոնց երեխաները դպրոցում էին կամ մանկապարտեզում, ծնողների տեղը չիմացող երեխաներ, հարակից թաղամասի բնակիչներ, մի խոսքով քաոս։
«Ինձ համար ամենադաժանն այն զգացողությունն էր, որ իմ ընտանիքից ու սիրելիից որևէ լուր չունեի, մայրս ուսուցչուհի է, տուն գնալու ժամն էր, ո՞վ գիտի՝ ի՞նչ է պատահել բաց, անպաշտպան երկնքի տակ։ Ոչ մի լուր ոչ ոքից չստանալով՝ մի քանի ժամից հասնում եմ տուն, մայրս տանն էր, հորիցս լուր չունեի»,- հիշում է մեր զրուցակիցը։
Հետո շրջաններից տարհանված բնակիչները եկան։ Գնալով իրավիճակն անտանելի էր դառնում։ Շուրջբոլորը կիսադատարկ, ամենուր կիսասոված, առանց ոչնչի եկած բնակիչներ էին, ովքեր օգնության ձեռքի կարիք ունեին։ Տաթևիկն էլ օգնում էր, ինչով կարող էր։
«Հրանտը վերադարձավ, հետո հայրս ու այդպես բոլորս միասին էինք։ Դժոխքը դրանով, ցավոք, չսահմանափակվեց, եկավ սեպտեմբերի 25-ը։ Արհավիրքի մասշտաբը պատկերացնելն անհնար էր։ Մեր տանը բժշկական պարագաների որոշակի քանակ կար։ Իմանալով, որ պետք էր այրվածքներ ստացած մարդկանց, դեղորայքը վերցրել ու Հրանտի հետ գնացել ենք մանկական հիվանդանոց, այն փոխանցել զինվորական բժիշկ եղբորս՝ Նիկոլային։ Նրանք, ովքեր տեսել են այդ օրը, ինձ լավ կհասկանան, երբեք չեն մոռանա։ Վառված մարդիկ, կանայք ու երեխաներ, բոլորը ցավից գոռում էին, իսկ դու անզոր ես օգնել»,- հիշում է արցախցի երիտասարդ կինը, ապա ավելացնում, որ խիղճը հանգիստ է, կարողացել է իր դեղերի խմբաքանակով իր հայրենակիցների ցավն ամոքել, օգնել բժիշկներին, այրվածքներ ստացած հայրենակիցներին, հանգստացրել հարազատներին։
Երկօրյա գաղթի ճանապարհի շուրջ 12 ժամը ընտանիքն անց է կացրել Շուշիի մատույցներում, խցանում էր. «Դա իմ կյանքի ամենասարսափելի 2 օրն էր, մինչև հասանք Հայաստանի Հանրապետություն»։
Ամուսնանալու, առավել ևս հարսանիք կազմակերպելու սիրտ չունեին ո՛չ Հրանտը, ո՛չ Տաթևիկը։ Ստեփանակերտում գրված դիմումն օրինականացվել է այստեղ՝ Երևանի Աբովյան 9 հասցեում։
«Որոշեցինք ստանալ տիրոջ օրհնությունը, պսակադրվեցինք Տաթևի վանքում, խորհրդանշական էր ընտրված վայրը՝ անվանս համապատասխան։ Որպես այդպիսի խնջույք այդպես էլ չարեցինք, հասկանալի պատճառով։ Նոր հասցեում շարունակում ենք մեր կյանքը՝ մի օր տուն, հարազատ քաղաք վերադառնալու ակնկալիքով։ Արցախը չի կարող առանց արցախցիների, ինչպես մենք․ զգում եմ, հողն էլ մեզ է կարոտում»,- հավելեց մեր զրուցակիցը։
Հունան Թադևոսյան