Ինչո՞ւ իշխանությունը ՄԻՊ չի գտնում. ոչ ոք չի ուզում հայտնվել «քավության նոխազի» կարգավիճակում

Մեկ ամսից ավելի է, ինչ Հայաստանը մարդու իրավունքների պաշտպան չունի. հենց այսպիսին է իշխանության վերաբերմունքը քաղաքացիների պաշտպանության ու իրավունքների նկատմամբ:
ՄԻՊ պաշտոնը թափուր է հունվարի 24-ից։
«Մարդու իրավունքների պաշտպանի մասին» օրենքով, պաշտպանի թափուր պաշտոնում նոր թեկնածուի ընտրությունը պետք է լինի մեկ ամսվա ընթացքում։ Սահմանադրությամբ այդ ժամկետը մինչեւ երեք ամիս է։ Հակասություններ կան օրենքներում ժամկետի առումով։
Այս հակասությունը թողնենք օրենսդիրներին ու փորձենք հասկանալ՝ ինչո՞ւ անցած ավելի քան մեկ ամսում խորհրդարանը նոր ՄԻՊ չգտավ:
Ընդդիմության պարագայում՝ ամեն բան, կարծես, հասկանալի է: Շատ քչերը կհամաձայնեն լինել թեկնածուի կարգավիճակում՝ այն վստահ պատկերացումով, որ միևնույն է՝ ՄԻՊ չեն ընտրվելու:
Հետևաբար, ճգնաժամը պետք է փնտրել իշխանության դաշտում:
Ի դեպ, կոնցեպտուալ հարցն այստեղ այն է, որ ՔՊ ներկայացուցիչներն օրնիբուն խոսում են ժողովրդավարության մասին, բայց ՄԻՊ ինստիտուտն այնքան չեն կարևորում, որ մինչ օրս խմբակցության մակարդակով թեկնածուի հարց չեն քննարկել:
Ակնհայտորեն իշխանամերձ շրջանակներից որևէ մեկը չի ուզում ստանձնել այս պաշտոնը, որովհետև բոլորը վստահ են, որ անձնակենտրոն իշխանություն ձևավորելու ճանապարհին Փաշինյանը պատրաստ է գնալ ամեն ինչի, իսկ այդ պարագայում՝ տեսանելի է, որ ապագա ՄԻՊ-ը հայտնվելու է «քավության նոխազի» կարգավիճակում:
Վահրամ Բագրատյան