Սարդարապատից հնչեցնում ենք զանգը՝ հանուն Արցախի և Հայաստանի, հանուն դիմադրության. Գեղամ Մանուկյան

Ընդդիմությունը շարունակում է բողոքի ակցիաներն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի կառավարության և այն ծրագրի, որը որդեգրել է գործող իշխաությունը։ Այսօր վաղ առավոտից մի խումբ պատգամավորներ սկսել են պայքարի երթը Սարդարապատից։ Հիշեցնենք, որ արդեն չորս օր է, ինչ նմանատիպ իրազեկման ակցիաներ են անցկացվում։
«Մենք չորս օր է, ինչ տարբեր վայրերից իրազեկման երթ ենք իրականացնում։ Չորս վայրերն էլ խորհրդանշական են, այսօր էլ այստեղ ենք՝ Սարդարապատի սուրբ բարձունքում»,- դիմելով քաղաքացիներին՝ ասաց ԱԺ «Հայաստա» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։
Նա նշեց, որ իրենք սկսեցին արշավը Տավուշից, այն Տավուշից, որը եղել է հերոսական, բայց այս օրերին իշխանությունը չի խորշում խոսել զիջումներից, այն բզիկ-բզիկ անելուց։
«Ապա եղանք Տիգրանաշենում, Երասխի բարձունքում։ Երբ իշխանության եկավ Փաշինյանը, այդ օրերին թշնամին հենց այդտեղ մարտական դիրքերում առաջ եկավ։ Հիմա իշխանությունը խոսում է Երասխում հայելային զիջումների մասին։ Երեկ էլ մենք եղանք Բաշ-Ապարանում և վերջապես Սարդարապատ, որտեղ հերոսական պայքար մղվեց։ Այսօր հերթը մերն է․ Սարդարապատից՝ հանուն Արցախի։ Իսկ հաջորդ երթը լինելու է Էջմիածնից»,- նշեց Մանուկյանը։
Գեղամ Մանուկյանը նկատեց՝ այսօր էլ իրենք հնչեցնում են միասնականության զանգը՝ հանուն Արցախի, հանուն Հայաստանի, հանուն ինքնապաշտպանության և դիմադրության։