Նոր Արեշ փողոցում հրդեհ է բռնկվել կայանած «BMW»-ում․ կա հոսպիտալացված

Մայիսի 10-ին, ժամը 17։49-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նոր Արեշ 23-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում այրվում է ավտոմեքենա։ Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Նոր Արեշ 23-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում կայանած «BMW» մակնիշի ավտոմեքենայի սրահում. կա տուժած, ով տարբեր աստիճանի այրվածքներով հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 18։01-ին, մարվել՝ 18։16-ին։ Այրվել է ավտոմեքենայի սրահը։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։