Ո՞ւր է գնում Հայաստանը

Ո՞ւր է գնում Հայաստանը

Եվրամիության հնարավոր աջակցության վերաբերյալ Բրյուսելի նախօրեի քննարկումներից հետո պարզ դարձավ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի հաջորդ շաբաթ Մինսկում կայանալիք ՀԱՊԿ-ի խորհրդի նիստին:

Այս մասին հայտնի դարձավ Լուկաշենկո-Փաշինյան հեռախոսազրույցից հետո, որին հաջորդեց ավանդական սցենարը. Մոսկվայի «ափսոսանքը», պաշտոնական Երևանի պարզաբանումները, ընդ որում այդ պարզաբանումների մեջ դարձյալ մեծ տեղ ունեն պրիմիտիվությունը, հոխորտանքը, քաղաքական հաշվարկի բացակայությունը:

«Հայաստանը ՀԱՊԿ-ից չի ստանում իր հարցերի պատասխանները, և նաև սա է պատճառը, որ չի մասնակցում ՀԱՊԿ նիստերին»,- երեկ Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։ Գրիգորյանը շեշտել է, որ Հայաստանը ՀԱՊԿ-ից օգնություն է խնդրել և չի ստացել անհրաժեշտ օգնությունն՝ իր սուվերեն տարածքը պաշտպանելու համար:

Առերևույթ Արմեն Գրիգորյանն ամեն բան ճիշտ է ասում: Սակայն այդպես էլ անհասկանալի է մնում, թե ինչով է Հայաստանի բացակայությունը ՀԱՊԿ միջոցառումներից օգնում նրան, որ մենք ստանանք Գրիգորյանի ասած պատասխանները:

Հաստատուն տպավորություն է, որ Հայաստանը ոչ թե արտաքին քաղաքականության փոխլրացմամբ կամ դիվերսիֆիկացիայով է զբաղված, այլ ճամբարափոխությամբ։ Բայց դա հրապարակավ չի հայտարարում՝ ռիսկերից խուսափելու, արտաքին աջակցության բացակայության կամ պարզապես՝ օրակարգ չունենալու պատճառով:

Ինչևէ, Հայաստանի արտաքին քաղաքականությունը նման է արկածախնդրության, որովհետև այլ բան հնարավոր չէ կոչել մի քաղաքականություն, որի նպատակը համաշխարհային տուրբուլենտության պայմաններում արտաքին քաղաքական վեկտոր փոխելն է:

Վահրամ Բագրատյան