Վիզս կտրող քաղաքապետը Ստեփանավանի նախկին քաղաքապետի կոկորդն է կտրել. տուժած

Վիզս կտրող քաղաքապետը Ստեփանավանի նախկին քաղաքապետի կոկորդն է կտրել. տուժած

Երեկ ինձ դանակով սպառնացող ու վիզս կտրող քաղաքապետը նախկինում Ստեփանավանի նախկին քաղաքապետի կոկորդն է կտրել, էդ մարդը հրաշքով է փրկվել, ինքն էլ դատապարտվել է։ Փաստորեն, կոկորդ կտրելու հակում ունի, հենց մի բան դուրը չի գալիս` դանակ է հանում ու վախեցնում։ Այս մասին այսօր MediaHub-ի հետ զրույցում ասաց երեկ Ստեփանավանի քաղաքապետի հետ վիճած քաղաքացի Գագիկ Կարապետյանը։

Հիշեցնենք, որ Կարապետյանը երեկ Ստեփանավանի ՔՊ-ական քաղաքապետ Արմեն Գրիգորյանի հետ վիճել էր, որից հետո քաղաքապետը փորձել է դանակով կտրել անձնական հարցով քաղաքապետին դիմած քաղաքացու կոկորդը, վերջինիս նաև ծեծի է ենթարկել քաղաքապետարանի անվտանգության աշխատակիցը։

Քաղաքացին այսօր էլ ցավեր ունի ծնկի, մեջքի հետվածում, որոնք երեկվա ծեծի հետևանքով են առաջացել։ 

Գագիկը վստահեցրեց, որ երեկվա միջադեպից հետո քաղաքապետարանի ոչ մի աշխատակից չի հարցաքննվել։ 
«Քրեական գործ է հարուցվել, տուժող եմ ճանաչվել,  դատաբժշկական փորձաքննություն է նշանակվել,  բժիշկն այս պահին Երևանում է, բայց այսօր հաստատ ինձ զննելու է։ Որքանով, որ տեղյակ եմ՝ տեսաձայնագրություններն առգրավվել են քաղաքապետարանից, բայց դեռ զննված չէ քննիչի ծանրաբեռնվածության պատճառով»,- ասաց նա։

Քաղաքապետարանից երեկ վստահեցրել էին, որ որևէ միջադեպ չի եղել և նույնիսկ համայնքապետը չի հանդիպել Գագիկին, սակայն քաղաքացին պնդում է՝ ստում են։

«Ես համայնքապետարանից դուրս եմ եկել արդեն դանակահարված, մի քանի ժամ հետո տեսա, թե համայնքապետարանն ինչ հայտարարություն է տարածել, ինձ են վարկաբեկել, ըստ իրենց ես այնտեղ չեմ էլ եղել, բայց այս ամենը շատ հեշտ է պարզելը, միայն հեռախոսիս վերծանումները բավական են ապացուցելու համար, որ ես գնացել եմ համայնքապետարան, ես զանգեր եմ արել այդտեղից, Կառավարության թեժ գիծ եմ զանգել և այլն։ Ես գնացել եմ տեղեկանք վերցնելու, բայց քաղաքապետն ինձ չի ընդունել, ասացին, որ խորհրդակցություն է, երբ այն ավարտվեց, փորձեցի մոտենալ, ասացին, որ չէ, այսօր չեմ կարող մոտենալ, որովհետև ամբողջ օրը խորհրդակցություն պետք է լինի․ սա ինձ համար տարօրինակ էր, ասացի՝ ո՞նց, քարտուղարն ինձ հետ սկսեց կոպիտ խոսել, ասացի՝ քեզ կարգի հրավիրի։ Դրանից հետո դուրս եկա, զանգեր արեցի, ինձ հետո մոտեցան ու  կանչեցին ներս, քաղաքապետն ասաց՝ իմ վրա գործ ես տալիս։ Այս ամենից հետո վիճաբանություն է սկսվում, հետո ինձ հարվածում են ու հայհոյում, հենց քաղաքապետն է հայհոյում, որին էլ ես նույն կերպ եմ արձագանքում, որից հետո էլ կոկորդիցս բռնում է ու պարանոցս վնասում։ 2-3 ժամ հիվանդանոցում չեն կարողացել իմ արյունահոսությունը դադարեցնել, քանի որ ստենդավորված եմ ու արյունն ուշ մակարդող դեղեր եմ օգտագործում»,- ասաց նա։

Քաղաքացին պատմեց, որ համայնքապետարան 2-3 անգամ է գնացել, միշտ նույն խնդրով՝ տեղեկանք վերցնելու, սակայն տարբեր պատճառներով քաղաքապետը չի ընդունել։ 

Գագիկի խոսքով՝ քաղաքապետի հետ երբեք խնդիր չի ունեցել, ժամանակին գործի բերումով շփում ունեցել է։
«Սպասում ենք նախաքննությանը․ վստահ չեմ, որ օբյեկտիվ քննություն կլինի, կհերքեն, կասեն՝ նման բան չկա, իրենք ինչ ուզեն, կասեն»։ 

Լիաննա Թորոսյան