Արցախի նախագահը կա՛մ պետք է հերքի Աղավնոյի մասին լուրերը, կա՛մ՝ գործուն քայլեր ձեռնարկի․ Դավիթ Գալստյան

Մի քանի օր է, ինչ լուրեր են շրջանառվում, թե Հայաստանի և Արցախի իշխանությունները պատրաստվում են Քաշաթաղի շրջանի Աղավնո գյուղը հանձնել թշնամուն։ Ըստ մամուլում շրջանառվող լուրերի՝ արցախցի բարձրաստիճան պաշտոնյաները գնացել և Աղավնոյի բնակիչներին հորդորել են լքել գյուղը։ Դրան էլ հաջորդեցին լուրերը, թե Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը մեկնել է Մոսկվա՝ Աղավնոն հանձնելու հարցը քննարկելու համար։ Ի՞նչ է կատարվում իրականում, արդյոք այս լուրերը համապատասխանու՞մ են իրականությանը։
Թեմայի շուրջ MediaHub.am-ը զրուցել է Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանի հետ։ Գալստյանը նշեց, որ իր տեղեկություններով՝ Աղավնոյում բնականոն կյանքը շարունակվում է։
«Շրջանառվող լուրերին մենք էլ ենք մեդիայով ծանոթացել։ Պաշտոնական ոչինչ չկա, բայց կան մտահոգություններ, երբ Ադրբեջանի նախագահը հայտարարում է, թե հուլիսի մեկին դրոշ պետք է կանգնեցնի Քաշաթաղում»,- ասաց Դավիթ Գալստյանը։
Ըստ նրա՝ մտահոգիչ է, որ Արցախի իշխանությունները որևէ արձագանք չեն տվել այս ամենին։
«Եվ ցավալի է, որ մենք ամեն բանի մասին լրահոսից ենք իմանում։ Մենք փորձել ենք ճշտել, բայց որևէ նման պատասխան չենք ստացել, որ բնակիչներին կարող է տարհանեն։ Մարդիկ բնականոն կյանքով ապրում են, թեև ունեն մտահոգություն»,- նկատեց նա։
Դավիթ Գալստյանի դիտարկմամբ՝ լավ կլինի, որ Արցախի նախագահը պաշտոնապես հերքի այս լուրերը, կամ էլ՝ գործուն քայլեր ձեռնարկի։ Ինչ վերաբերում է Արայիկ Հարությունյանի՝ Մոսկվա այցի մասին լուրերին, ապա Գալստյանն ասաց, որ նման ինֆորմացիայի չի տիրապետում։
«Ես էլ մամուլից եմ նման լուրեր ստանում»,- նշեց նա։
Մերի Գևորգյան