Փաշինյանն է «առիթավորել» Բաքվին

Փաշինյանն է «առիթավորել» Բաքվին

Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակ Այխան Հաջիզադեն, արձագանքելով Փաշինյանի երեկվա հայտարարություններին, խորհուրդ է տվել դասեր քաղել պատմությունից, չխոչընդոտել 2020 թվականից Ադրբեջանի առաջ քաշած խաղաղության օրակարգը, ձեռնպահ մնալ այնպիսի ագրեսիվ գործողություններից, ինչպիսին են Ադրբեջանի տարածքային ամբողջականության վրա հարձակումներն ու միջամտությունը ներքին գործերին։

Սա Բաքվից հնչող հերթական հոխորտանքն է, սակայն ինչքան էլ ցավալի է արձանագրել՝ Ադրբեջանի իշխանության նման լկտի պահվածքը հետևանք է Նիկոլ Փաշինյանի անատամ քաղաքականության:

Երբ մեկ տարի առաջ Փաշինյանը, ԱԺ-ում ունեցած ելույթում, խոսում էր ԼՂ խնդրում կարգավիճակի նշաձողն իջեցնելու անհրաժեշտության մասին, թերևս՝ չէր գիտակցում, որ չհիմնավորված զիջումներով ավելի մեծացնում է Բաքվի ախորժակը:

Փաշինյանի պարտվողական քաղաքականության գագաթնակետ դարձավ  Պրահայի հայտարարությունը, որով, ըստ էության, ճանաչվեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ փաստաթղթային որևէ երաշխիք չամրագրելով ԼՂ սուբեկտության, նրա ժողովրդի անվտանգության միջազգային մեխանիզմների մասին:

Այդ հիմա է, որ Փաշինյանն անթաքույց դժգոհություն է հայտնում բրյուսելյան գործընթացից. փաստն այն է, որ դրանից Բաքուն ստացել է իր համար կարևորը՝ ԼՂ խնդիրը դարձնելով ներադրբեջանական ու այժմ Փաշինյանի նույնիսկ անմեղ հայտարարությունը համարում է «միջամտություն իր ներքին գործերին»։

Փաշինյանը երկիրը կանգնեցրել է նոր պատերազմի կամ կապիտուլյացիայի երկընտրանքի առջև:

Վահրամ Բագրատյան