Արտահերթ ընտրության հարցը՝ ինտրիգ

Արտահերթ ընտրության հարցը՝ ինտրիգ

Երևանի ավագանին ապրիլի 11-ին, քաղաքապետի արտահերթ ու ըստ էության ձևական ընտրություն կանցկացնի՝ օրենքի պահանջին հետևելու համար։ 

Ապրիլի 11-ին ավագանու խմբակցությունները պետք է իրենց թեկնածուներին առաջադրեն, բայց օրենքը պարտադրում է, որ այդ թեկնածուն ավագանու անդամ լինի։ Երևանի ավագանու իշխող «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը հայտարարել է՝ իրենք այդ օրը նիստին չեն ներկայանա, որովհետև թեկնածու չունեն:

Քիչ հավանական է, որ քաղաքապետի թեկնածու ունենան նաև մյուս երկու խմբակցությունները ու առաջին հերթին այն պատճառով, որ ընդդիմությունը հաջողելու շանս չունի: Բացի այդ, չափազանց փոքր է մի քանի ամսով քաղաքապետ ունենալու մոտիվացիան:

Սրանով հանդերձ, ՔՊ-ում ասում են՝ իրենց օրակարգում Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների հարց չկա՝ չնայած, որ օրենքը հենց նման պահանջ է դնում, եթե ավագանին որոշակի ժամկետում քաղաքապետ ընտրել չի կարողանում:

Իհարկե, շատ վաղուց Նիկոլ Փաշինյանի թիմում որդեգրել են օրենքը քաղաքական նպատակահարմարությանը ծառայեցնելու մարտավարությունը և, ըստ ամենայնի, բանը հենց հերթական ընտրություններին էլ կհասնի, մանավանդ, որ ինստիտուցիոնալ այս ճգնաժամն ամբողջովին ազատում է իշխանության թեկնածու Տիգրան Ավինյանի ձեռքերը, ով քաղաքապետարանում դարձել է միակ «ասողը»:

Մյուս կողմից, չբացառենք, որ արտահերթ ընտրությունների հարցը դուրս չի եկել իշխանության օրակարգից ու իքս պահի Փաշինյանի թիմը կարող է գնալ լուծման, եթե դրա մեջ տեսնի հաղթանակի երաշխավորված սցենար:

Վահրամ Բագրատյան