Սպասում ենք հրաշքի, որ մի օր մեր հայրը կվերադառնա տուն․ Վագիֆ Խաչատրյանի դուստր

Երեկ Բաքվի դատարանը Վագիֆ Խաչատրյանին դատապարտել է 15 տարվա ազատազրկման։ Պատժի առաջին 5 տարիները Խաչատրյանը պետք է անցկացնի բանտում, իսկ մնացածը՝ խիստ ռեժիմի գաղութում։ Բաքուն Խաչատրյանին մեղադրում է Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ կատարված հանցագործությունների, այդ թվում՝ իբրև Խոջալուի Մեշալի գյուղի վրա հարձակմանը մասնակցելու մեջ։ MediaHub-ը կապ հաստատեց Վագիֆ Խաչատրյանի դուստր՝ Վերա Խաչատրյանի հետ։
«Հիմա ոչինչ չեմ կարող ասել, միայն այն, որ նորությունները իմանում ենք համացանցով և սպասում ենք հրաշքի, որ մի օր մեր հայրը կվերադառնա տուն»,- ասաց Վերա Խաչատրյանը։
Հարցին՝ պատրաստվո՞ւմ են բողոքարկման միջազգային գործընթաց սկսել, Վագիֆ Խաչատրյանի դուստրը նշեց. «Պետք է մտածենք հասկանանք, թե ինչ կարող ենք անել»:
Երեկ Հայաստանի Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը ֆեյբուքյան իր էջում գրել էր․ «Վագիֆ Խաչատրյանին ադրբեջանական իշխանությունն ուղղակի դարձրեց իր քաղաքական խաղերի հերթական զոհը, որով լեգիտիմացնելու նպատակ ունի իր հանցանքներն ու նվաստանցել հայ ժողովրդին: 15 տարի զրկել մարդուն ազատությունից, այն էլ խիստ պայմաններում պահել Բաքվի բանտում, չի տալիս որևէ երաշխիք, որ առողջական խնդիրներով տարեց արցախցին ի վիճակի կլինի դիմակայել ադրբեջանական թշնամանքի այդ մթնոլորտում: Իսկ դեռ քանի՞ այդպիսի անմեղ քաղաքացի է ադրբեջանական թիրախում, դեռ որքա՞ն է տիրելու այս անպատժելիություն։ Հարցեր, որոնց լուծումները, թեև հրատապ են, բայց այս պահին, ցավոք, բացակայում են»։
Արման Թաթոյանը նաև նշել էր, որ քանի դեռ Հայաստանի գյուղերի և քաղաքների հարևանությամբ, ճանապարհներին կան ադրբեջանական զինված ծառայողներ, մեր քաղաքացիները շարունակելու են գտնվել վտանգի տակ:
Հիշեցնենք, որ Ադրբեջանը հուլիսի 29-ին առևանգել է ԿԽՄԿ-ի ուղեկցությամբ բուժման նպատակով Արցախից Հայաստան տեղափոխվող 68-ամյա Վագիֆ Խաչատրյանին։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ նրան մեղադրանք է ներկայացվել, ըստ որի` Վագիֆ Խաչատրյանն, իբր, հանցավոր խումբ է ստեղծել, որը 1991թ. դեկտեմբերի 21-ին մասնակցել է Խոջալուի շրջանի Մեշալի գյուղի բնակիչների դեմ հանցագործություններին։
Մարիաննա Արամյան