ՄԻ պաշտպանի կասկածելի լեգիտիմությամբ

Անահիտ Մանասյանի թեկնածությունն առաջադրվեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում։ ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովում Մանասյանի օգտին քվեարկել են ՔՊ-ական պատգամավորները։
Նրա թեկնածությունն արդեն կքննարկվի խորհրդարանի լիագումար նիստում՝ հաջորդ շաբաթ:
Հիմա այլևս անիմաստ է քննարկել Էդգար Ղազարյանի խնդիրը, մանավանդ, որ հանձնաժողովում նրա թեկնածության քննարկման ժամանակ բացակա էին անգամ նրան առաջադրած ընդդիմադիր պատգամավորները:
Անահիտ Մանասյանի անձնական կամ մասնագիտական որակները դուրս են մեր քննարկման տիրույթից, ավելին՝ որևէ կերպ չենք ցանկանում կասկածի տակ դնել ՄԻՊ թեկնածուի մասնագիտական որակները:
Սրանով հանդերձ, Մանասյանի հնարավոր ընտրությունն ու ապագա պաշտոնավարումը լեգիտիմության տեսանկյունից խնդրահարույց են:
Նա ՄԻՊ է «գործուղվում» գլխավոր դատախազությունից, ինչն արդեն հակասության մեջ է Օմբուդսմանի ֆունկցիոնալ առաքելության հետ: ՄԻՊ գլխավոր առաքելությունը քաղաքացիների իրավունքների պաշտպանությունն է, առաջին հերթին՝ գործադիր իշխանության, նաև իրավապահ համակարգի ոտնձգություններից: Համաձայնեք՝ այս հարցում Մանասյանն էապես սահմանափակված է, ինչը դրսևորվեց նաև նախօրեին՝ նրա ելույթում և հարցազրույցում:
Սակայն ավելի կարևոր է այն հանգամանքը, որ Անահիտ Մանասյանի թեկնածության առաջադրումը տեղի ունեցավ անհավասար պայմաններում, երբ ՔՊ պատգամավորները խուլիգանական արարքներով թույլ չտվեցին, որ ընդդիմության թեկնածու Էդգար Ղազարյանը ներկայացնի իր ծրագիրը:
Նման իրավիճակում, Մանասյանը նվազագույնը պետք է հրաժարվեր սկանդալային նիստին մասնակցելուց:
ՄԻՊ թեկնածուն դա չի արել՝ ստվերելով իր հեղինակությունը:
Վահրամ Բագրատյան