Ավտոկայանատեղիների վճարների դրույքաչափերը դեռ վերջնական չեն. ի՞նչ է սպասվում

Ավտոկայանատեղիների վճարների դրույքաչափերը դեռ վերջնական չեն. ի՞նչ է սպասվում

Այսօր հայտնի դարձավ, որ Երևան համայնքում տեղական վճարների 2024 թվականի դրույքաչափերի առաջարկվող փոփոխություններով պայմանավորված՝ ավտոկայանատեղիների վճարների դրույքաչափերը սահմանվելու են գոտիավորման սկզբունքով:  

Առաջարկվում է Երևան քաղաքում սահմանել Ա և Բ գոտիներ: Ըստ այդմ, դրույքաչափերը կլինեն սրանք.
Ա գոտի՝
Յուրաքանչյուր 1 ժամվա համար ՝ 300 դրամ
Յուրաքանչյուր 1 օրվա համար՝ 2000 դրամ
Մեկ շաբաթվա համար՝ 5000 դրամ
Մեկ ամսվա համար՝ 18000 դրամ
Մեկ տարվա համար՝ 160 000 դրամ
Բ գոտի՝
Յուրաքանչյուր 1 ժամվա համար ՝ 200 դրամ
Յուրաքանչյուր 1 օրվա համար 1000 դրամ
Մեկ շաբաթվա համար՝ 2000 դրամ
Մեկ ամսվա համար՝ 4000 դրամ
Մեկ տարվա համար՝ 24000 դրամ

MediaHub-ի հետ զրույցում Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը հիշեցրեց, որ յուրաքանչյուր տարի Երևան համայնքում տեղական վճարների դրույքաչափերը սահմանելու մասին որոշում է լինում, որը իրականացվում է ավագանու միջոցով։ Եվ հիմա 2024 թվականի համար մի շարք ուղղություններով տարբեր դրույքաչափեր են սահմանվելու, այդ թվում ավտոտրասպորտային միջոցների կայանատեղիների տեղական վճարների մասով:

Կոստանյանը նշեց, որ այն գրառումը, որ արել է իր էջում, քննարկվող տարբերակն է, որն այս պահին դեռ քննարկման փուլում է, բայց վերջարդյունքում ինչ որոշում կկայացվի գումարի չափի մասով․ դա կորոշի Երևանի ավագանին. «Երբ այս հարցերը կդրվեն քննարկման, այդ ժամանակ ավագանու անդամները իրենց կողմ կամ դեմ քվեով վերջնական կորոշեն, թե 2024 թվականին Երևան համայնքի տեղական տուրքերի վճարները որքան են լինելու, նաև կայանատեղիների մասով»։ 

Հարցին՝ ավագանին կհասցնի՞ դեկտեմբերի նիստին քննարկել այս հարցը, մեր զրուցակիցը նշեց, որ դա լինելու է այս տարվա վերջ, որովհետև, ըստ օրենքի, ամեն տարի ավագանին հաջորդ տարվա համար 
դրույքաչափեր է սահմանում։ 

«Ենթադրվում է, որ հարցը քննարկվելու է ավագանու վերջին նիստով։ Իսկ մինչ այդ՝ դեկտեմբերի 1-ին, Երևանի քաղաքապետարանում այս թեմայով  հանրային բաց լսումներ կանցկացվեն»,- ասաց Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը:

Նշենք, որ Երևանի ավագանու հաջորդ նիստը տեղի կունենա դեկտեմբերի 26-ին:

Մարիաննա Արամյան