«Աէրոֆլոտը» հրաժարվո՞ւմ է ՀՀ-ից. Մոսկվա-Երևան ուղիղ չվերթների տոմսեր չկան 

«Աէրոֆլոտը» հրաժարվո՞ւմ է ՀՀ-ից. Մոսկվա-Երևան ուղիղ չվերթների տոմսեր չկան 

Մի քանի ամիս է, ինչ համացանցում քննարկվում է այն հարցը, որ «Աէրոֆլոտ» ավիաընկերությունը հաջորդ տարվա ապրիլից դադարեցնում է թռիչքները դեպի ՀՀ, քանի որ տոմսերը հասանելի չեն:

Երկու ամիս առաջ մեզ հետ զրույցում ավիաընկերությունից պարզաբանել էին, թե ընկերությունը չվացուցակը վեց ամիս կտրվածքով է ներկայացնում, բայց պարզվեց՝ դա այդքան էլ այդպես չէ:

Դեկտեմբերի 4-ի դրությամբ Հայաստանից Ռուսաստան կամ Ռուսաստանից Հայաստան ուղիղ թռիչքներ ապրիլից չկան։ MediaHub-ը շարունակում է ահազանգեր ստանալ ընթերցողներից, քանի որ «Աէրոֆլոտ» ընկերությունը ապրիլի 1-ից սկսած դեպի ՌԴ կամ ՌԴ-ից Հայաստան ավիատոմսերի վաճառք չի իրականացնում: Համակարգը ցույց է տալիս միայն տրանզիտ տարբերակներ՝ Ստամբուլով, Դուբայով կամ այլ քաղաքով:

Երկու ամիս առաջ MediaHub-ին «Աէրոֆլոտ» ընկերության լրատվական բաժնից հայտնել էին՝ անհանգստանալու կարիք չկա և դա պայմանավորված է նրանով, որ «Աէրոֆլոտ»-ը բացում է տոմսերի վաճառքը 6 ամիս երկայնքով, այսինքն՝ մեկ ամիս հետո ապրիլի չվերթերի վաճառքն էլ կբացվի։ Սակայն անցավ գրեթե երկու ամիս, և ապրիլի չվերթերի վաճառքը չի բացվել, մարտի 31-ից հետո այսօր էլ չկան ուղիղ չվերթներ։

MediaHub-ը դարձյալ կապ հաստատեց «Աէրոֆլոտ» ընկերության հետ՝ ճշտելու, թե ի՞նչն է պատճառը, որ մինչև հիմա չեն բացել ուղիղ չվերթները։

«Ուղղակի չվերթների գրաֆիկները դեռ չեն հրապարակվել, խորհուրդ ենք տալիս նայել հունվարից։ Մեկ-մեկ լինում է, որ երկու ամիս առաջ ենք բացում չվերթները, դրա համար պետք է շուտ-շուտ նայել կայքում։ Այլ մեկնաբանություն այս պահին չունենք»,- ասաց «Աէրոֆլոտ» ընկերության ներկայացիցիչը։

Նշենք, որ “Աէրոֆլոտ”-ի շուրջ այս իրավիճակը շատերը կապում են հայ-ռուսական լարված հարաբերությունների հետ: 

Մարիաննա Արամյան