Ո՛չ կալանավորվելուց եմ վախենում, ո՛չ էլ տուգանքից․ Գևորգ Պետրոսյանը՝ իրեն առաջադրված մեղադրանքի մասին

Ինձ առաջադրված մեղադրանքն ակնհայտ քաղաքական հետապնդում է, որովհետև ես հապավումով գրառում եմ կատարել՝ նույն գրառման մեջ այն բացելով և բացատրելով։ Այս մասին այսօր MediaHub.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ նախկին պատգամավոր Գևորգ Պետրոսյանը՝ խոսելով իրեն առաջադրված մեղադանքի մասին։
Հիշեցնենք, որ Գևորգ Պետրոսյանի վերաբերյալ քրեական գործը դատարանում է։ Նա մեղադրվում է տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործմամբ, անձի՝ հանրային գործունեությամբ պայմանավորված, ծայրահեղ անպարկեշտ եղանակով նրա արժանապատվությունը վիրավորելու և անձի վերաբերյալ ծանր վիրավորանք պարունակող նյութ տարածելու համար։
Նշենք, որ իրավապահ մարմինների համար անընդունելի է եղել Պետրոսյանի՝ «պատեհապաշտ իսլամասեր, դառնարյուն ռևոլյուցիոներ» արտահայտության հապավումը։
Գրառումը՝ այստեղ
«Դա գնահատողական դատողություն էր։ Պարզապես, մաքուր քաղաքական հետապնդում է, որովհետև այդ նույն հաջողությամբ՝ եթե մենք հիմք ընդունենք Սահմանադրության 28-րդ հոդվածը, համաձայն որի՝ բոլորը հավասար են օրենքի առաջ, ապա ինչո՞ւ քրեական գործ չի հարուցվել Նիկոլ Փաշինյանի նկատմամբ, երբ ԱԺ ամբիոնից, ի լուր աշխարհի, հայտարարում է՝ «պետք լինի՝ուրիշ բան էլ թափ կտամ», սա դասական խուլիգանության հանցակազմ է։ Ո՞նց է ստացվում, որ նրա ասածը ոչ ոքի չի հետաքրքրում, դրա հետքերով չեն գնում, բայց իմ հապավումը դիտվել է որպես հանցագործություն»,-ասաց նա։
Պետրոսյանն ընդգծեց՝ որևէ մտավախություն չունի, որովհետև վերջինիս կարծիքով՝ դատարանն իր բարձրունքում կլինի և Փաշինյանի հրահանգներն այդքան հեշտ չի ընդունի։
«Եթե ընդունի էլ, ես ո՛չ կալանավորվելուց եմ վախենում, ո՛չ էլ տուգանքից։ Արդեն ասել եմ՝ վախենում եմ գեշ աղջիկներից ու ինքնաթիռից, վերջերս էլ մի վախ է ավելացել՝ ատամնաբույժից։ Մեր երկրի իրավական անվտանգությանը սպառնում է երկակի ստանդարտների կիրառման պահպանումը։ Նիկոլը՝ մինչև իշխանության գալը, իշխանությանը քննադատում էր երկակի ստանդարտներ կիրառելու համար, այսինքն, մի արարքը մեկ ուրիշը կատարում է իշխանության օգտին, դա նորմալ է, բայց երբ ընդդիմության օգտին է՝ հանցանք է։ Նույն ավանդույթներն է շարունակում»։
Նախկին պատգամավորը հիշեցրեց նաև ԱԺ նիստերի դահլիճում Ալեն Սիմոնյանի և Էդմոն Մարուքյանի միջադեպը, երբ իրար հասցեին վիրավորանքներ հնչեցին, մասնավորապես՝ «անբարոյականի վաստակ», «քաղաքական տրյապկա»։
«Ընդ որում՝ «անբարոյականի վաստակ»-ը ընկալելի տերմին է, իսկ իմ գրած հապավումը հայերենի որևէ բառարանում չկա, և այն դեպքում, որ ես նույն գրառման մեջ բացել եմ հապավումը, հետին թվով գրառում չեմ արել արդարանալու համար»,- շեշտեց նա։
Նշենք, որ մայիսի 26-ին գործը մակագրվել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վահագն Մելիքյանին։ Նախկին պատգամավորի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին։
Դատական նիստի օր դեռ չի նշանակվել։
Լիաննա Թորոսյան