Սայլը տեղից շարժվեց. Լարսում իրավիճակը կարգավորվել է, բայց արդյո՞ք վերջնական

Սայլը տեղից շարժվեց. Լարսում իրավիճակը կարգավորվել է, բայց արդյո՞ք վերջնական

Նոյեմբերի 19-ին հայտնի դարձավ, որ Վերին Լարս անցակետը փակվել էր բեռնատարների համար:

Այժմ, ըստ ՀՀ էկոնոմիկայի նախարարության, Վերին Լարսի մաքսային անցակետը բաց է բոլոր տեսակի ավտոտրանսպորտային միջոցների համար. երեկ նախարարությունից հայտնեցին, որ հայկական կողմի նախաձեռնությամբ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հարթակում կայացել է օպերատիվ խորհրդակցություն Վերին Լարսի մաքսային անցակետում ստեղծված իրավիճակի քննարկման նպատակով։

Արդյունքում՝ դեկտեմբերի 2-ից Վերին Լարսի մաքսային անցակետը բաց է բոլոր տեսակի ավտոտրանսպորտային միջոցների, այդ թվում՝ արագ փչացող գյուղատնտեսական նշանակության արտադրանք տեղափոխող բեռնատարների համար։ 

MediaHub-ը նոյեմբերի 19-ից սկսած պարբերաբար կապ է հաստատել Ռուսաստանի սահմանին մնացած հայկական բեռնատարների վարորդների հետ։ Նախարարության տարածած տեղեկատվությունից հետո  MediaHub-ը կապ հաստատեց նրանցից մեկի հետ։ 

Վերջինս հաստատեց, որ սայլը, կարծես, տեղից շարժվել է։ «Լարսը բաց է, բայց կան մեքենաներ, որ այսօր էլ դժվար են թողնում։ Չնայած, որ ամսի 30-ին շատ բեռնատարներ հետ վերադարձան փչացող ապրանքներով, բայց այժմ նոր ապրանքներով անցանք Լարսը»,- ասաց նա։

Հիշեցնենք, վարորդները պնդում են, որ ռուս սահմանապահները չեն թաքցնում, որ խնդիրը քաղաքական է: Ավելին, Լարսում իրավիճակը սրվեց հատկապես Նիկոլ Փաշինյանի վերջին ուղիղ եթերից հետո, որի ժամանակ հակառուսական շեշտադրումներով հայտարարություններ էին հնչել:

Թե խնդրի կարգավորումը որքա՞ն կտևի՝ պարզ չէ: Այսօր, օրինակ, հայտնի դարձավ, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հաջորդ շաբաթ չի մեկնի Մոսկվա և չի մասնակցի ՀԱՊԿ ԽՎ արտագնա նիստին: Նիստին չի մասնակցի նաև հայաստանյան պատվիրակությունը:
Բայց, այդուհանդերձ, դեկտեմբերի վերջ Սանկտ Պետերբուրգում սպասում են Նիկոլ Փաշինյանին:

Նման հայտարարություն էր արել ՌԴ նախագահի օգնական Ուշակովը՝ նշելով, որ Երևանից դրական ազդակներ են ստացել:

Մարիաննա Արամյան